Մարզեր

Վարդենիս համայնքի բնակիչների համար ստեղծվել է ապահով տարածք

4 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքի բնակիչների համար ստեղծվել է ապահով տարածք

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (UNHCR) և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներին՝ Վարդենիս համայնքի բնակիչների համար ապահով տարածքի հանդիսավոր բացման արարողության շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, նախաձեռնությունն իրականացվել է համայնքապետարանի հետ սերտ համագործակցությամբ և աջակցությամբ՝ Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության վարչության (EU-ECHO) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում։

Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ արդյունավետ համագործակցության և համայնքի համար կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրի իրականացման համար՝ ընդգծելով դրանց դերը համայնքի զարգացման ու բնակիչների՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, իրազեկվածության և կայուն բարեկեցության բարձրացման գործում։ Նա նաև հույս է հայտնել, որ ձևավորված փոխվստահության և սերտ համագործակցության վրա հիմնված համատեղ աշխատանքները շարունակական բնույթ կկրեն՝ կյանքի կոչելով նոր նախաձեռնություններ և ծրագրեր՝ ի շահ համայնքի։

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ծրագրի ղեկավար Զառա Լալայանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վարդենիս համայնքի ղեկավարին՝ նախագծի իրականացման ողջ ընթացքում ցուցաբերած վստահության, բարձր պատասխանատվության և օրինակելի համագործակցության համար։

Ապահով տարածքի վերանորոգման և կահավորման աշխատանքներին զուգահեռ՝ Վարդենիսի համայնքին տրամադրվել են նաև վտանգի վաղ ազդարարման համակարգեր և հրատապ իրավիճակներում անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) խորհրդի անդամների և համայնքի բնակիչների համար կազմակերպվել են իրազեկման ու պատրաստվածության դասընթացներ և քննարկումներ, իրականացվել է նաև պատրաստվածությունը խթանող սիմուլյացիոն վարժություն՝ նպաստելով Վարդենիս համայնքի բնակիչների իրազեկվածության, պատրաստվածության և դիմակայունության բարձրացմանը։

ՄԱԿ-ի Փախստականների գործակալության արտաքին հարաբերությունների ղեկավար Կիրի Ատրին շնորհակալություն է հայտնել Վարդենիս համայնքի ղեկավարին և ողջ համայնքին՝ շարունակական և արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև համայնքի բնակիչներին, ներառյալ տեղահանված ընտանիքներին՝ տոկունության և համայնքային կյանքում ակտիվ ներգրավվածության համար։ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության անունից Կիրի Ատրին իր երախտագիտությունն է  հայտնել  նաև ՀՀ ներքին գործերի նախարարությանը, Փրկարար ծառայությանը և գործընկեր կազմակերպություններին՝ արդյունավետ գործընկերության, սերտ համագործակցության և համայնքների դիմակայունության բարձրացմանն ուղղված համատեղ ջանքերի համար, և EU-ECHO-ին՝ անգնահատելի աջակցության և քաջալերանքի համար։

Միջոցառման ընթացքում մասնակիցները շրջայց են կատարել  ապահով տարածքում, որը նաև համայնքի երեխաների համար արվեստի կենտրոն է ծառայում, վայելել երաժշտական ելույթները, զրուցել երեխաների, նրանց ծնողների և ուսուցիչների հետ, լսել  ժողովրդական գործիքների նվագախմբի ելույթը։

Վարդենիսի համայնքի ղեկավարն ու բնակիչները, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության գործընկերները պատրաստակամություն են հայտնել շարունակել Վարդենիս համայնքում դիմակայունության մակարդակի բարձրացմանը, բնակչության անվտանգությանն ու բարоրությանն ուղղված համագործակցությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում