Հայաստան

ՊԵԿ համակարգերի թվայնացման առաջնահերթությունների քննարկում. կայացել է Թվայնացման խորհրդի հերթական նիստը

3 րոպեի ընթերցում

ՊԵԿ համակարգերի թվայնացման առաջնահերթությունների քննարկում. կայացել է Թվայնացման խորհրդի հերթական նիստը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ թվայնացման խորհրդի հերթական նիստը, որի առանցքում ՊԵԿ ռազմավարական զարգացմանն ուղղված թվայնացման նախագծերի և դրանց իրականացման առաջնահերթությունների քննարկումն էր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հատկապես կարևորել է ՊԵԿ ռազմավարությունից, համապատասխան օրենքներից և ենթաօրենսդրական իրավական ակտերից բխող թվայնացման կարիքների գնահատումը, խնդիրների հստակեցումն ու համապատասխան լուծումները։ Նիստի ընթացքում «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել են մշակված ՊԵԿ թվայնացվող նախագծերի կառավարման Dashboard-ը, ինչպես նաև ՊԵԿ ռազմավարությամբ և Կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված կիսամյակային առաջնահերթ թվայնացվող նախագծերի ընթացքը։ Քննարկվել են ներկայացված հարկային ու մաքսային համակարգերի թվայնացման նախագծերը՝ սահմանելով ռազմավարական առաջնահերթությունները: Անդրադարձ է եղել առկա մարտահրավերներին, ընթացիկ նախագծերի իրականացման տեխնիկական խնդիրներին, ինչպես նաև թվայնացման ենթակա համակարգերին ու ժամկետներին:

Միաժամանակ, Խորհրդի անդամներն ակտիվ քննարկել են ՊԵԿ թվայնացման նոր նախաձեռնություններն ու ծրագրերը, ինչպես նաև ներկայացրել ընթացիկ ծրագրերի զարգացման առաջարկներ։ Մասնավորապես, կարևորվել է թվային հարթակի ներդրման միջոցով հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը: Դիտարկվել են նաև ՊԵԿ ներքին համակարգերի կատարելագործումն ու թվայնացման հնարավորությունները: Ներկայացվել է վիճակագրական տվյալները մեկ միասնական հարթակում հրապարակելու նախագծի առաջարկ, որը հավանության է արժանացել Խորհրդի անդամների կողմից:

ՊԵԿ համակարգերի վերափոխման գործընթացում կարևորվել է միջազգային փորձի ուսումնասիրությունն ու տեղայնացումը:

Ամփոփելով նիստը՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է ՊԵԿ ռազմավարությունից և Կառավարության ծրագրից բխող միջոցառումների արդյունավետ իրականացումը, հաշվետվողականությունն ու ժամկետների պահպանման նկատմամբ հետևողականությունը։ «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է շարունակել ակտիվ համագործակցությունը ՊԵԿ ստորաբաժանումների հետ՝ ապահովելով թվայնացման նախագծերի հետևողական կառավարումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում