Մարզեր

Գեղարքունիքի մարզի համայնքներում հանդիսավորությամբ նշվում է Քաղաքացու օրը

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի համայնքներում հանդիսավորությամբ նշվում է Քաղաքացու օրը

Գեղարքունիքի մարզի քաղաքային և գյուղական բնակավայրերում վաղ առավոտից տեղի են ունենում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Սևան համայնքը միացել է Քաղաքացու օրվա տոնակատարություններին, որի շրջանակներում նախատեսված են միջոցառումներ Սևանի բիզնես կենտրոնում և Լճաշեն բնակավայրի մշակույթի տանը, Ծովագյուղի երիտասարդական կենտրոնում:

Միջոցառման այս ձևաչափի նպատակն է «քաղաքացի», «պետականություն» հասկացությունների արժևորումը, պետության և հասարակության նկատմամբ հոգատար, նվիրված ու պատասխանատու վարքագծի ձևավորումը:

Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում և Լճաշենի Ր. Հովհաննիսյանի անվան մշակույթի տանը կազմակերպվելու են օրվան նվիրված մշակութային միջոցառումներ, համայնքի տարբեր բնակավայրում իրականացվում է ծառատունկ:

Քաղաքացու օրվա առթիվ Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում տեղի է ունեցել «Մենք ենք մեր պետությունը խորագրով» բանախոսություն, որին  հաջորդել է Գանձակի երաժշտական դպրոցի և մշակույթի տան շնորհալիների մասնակցությամբ  համերգային ծրագիր և  ձեռքի աշխատանքների ցուցահանդես։

Վարդենիս համայնքի վարչական տարածքում՝ քաղաքում և բնակավայրերում, կազմակերպվել է ծառատունկ՝ որպես բնության պահպանության և սերունդների հանդեպ պատասխանատվության խորհրդանիշ։ Ակունքի  և Վարդենիս քաղաքի մշակույթների  տներում անցկացվում են թեմատիկ բանախոսություններ՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։ Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցում տեղադրված տաղավարներում կազմակերպվում է  ցուցահանդես-հյուրասիրություն։

Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան քաղաքային զբոսայգում տեղի է ունենում տոնական համերգային ծրագիր՝ DJ KARE-ի և «By THE WAY BAND»-ի մասնակցությամբ։

Մարտունիի մշակույթի կենտրոնում հրավիրված հանդիպման  բանախոսն է Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թաթուլ Ասոյանը։ Մարտունի համայնքի Ծովասար գյուղի մշակույթի կենտրոնում  ելույթ է ունենում Մարտունիի ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը։

Վարդենիկի երաժշտական դպրոցում հանդիպում է նախատեսված Հ․Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ։

Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղի  մշակույթի կենտրոնում հանդես է գալիս Քրիստինե Արոյանը՝ «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցույթի հաղթողը։

Հանդիպումներ ու միջոցառումներ են տեղի ունենում նաև Ճամբարակ համայնքի Ջիլ և Դպրաբակ բնակավայրերում։

Բոլոր նշված վայրերում բանախոսությունների ավարտից հետո նախատեսված է նաև տոնական համերգային ծրագիր։

«Միջոցառումները բաց են բոլոր ցանկացողների համար։ Քաղաքացու օրը ևս մեկ հնարավորություն է՝ վերարժևորելու յուրաքանչյուրի դերը մեր պետության կառուցման և զարգացման գործում»,-նշեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում