Գեղարքունիքի մարզում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի համայնքների բնակավայրերում ապրիլի 24-ի առավոտյան ժամերից մարդկային բազմամարդ երթերն ուղղվում են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձաններ, հուշահամալիրներ, եկեղեցիներ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի անդամները, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալները և համայնքապետարանի աշխատակիցները, մարզի ուժային կառույցների, Գավառի կրթամշակութային հիմնարկների ներկայացուցիչները, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի անդամները, բազմաթիվ քաղաքացիներ ծաղկեպսակներ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին Գավառ քաղաքի զբոսայգում՝ Հայրենիքի համար նահատակված հերոսների պանթեոն հուշահամալիրում՝ ի հիշատակ և ի խոնարհում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։

Ծաղկեդրումից հետո Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված բարեխոսության կարգ կատարեց Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը՝ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի աղոթակցությամբ։
Վարդենիս, Սևան, Մարտունի և Ճամբարակ համայնքներում Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հիշատակի ու ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել համայնքի ղեկավարների, համայնքապետարանների աշխատակիցների, կրթամշակութային հաստատությունների, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հիշատակի ու ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունենում նաև մարզի կրթամշակութային հաստատություններում։