Մարզեր

Ավարտվել են «Սպորտլանդիա» միջոցառման Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները

3 րոպեի ընթերցում

Ավարտվել են «Սպորտլանդիա» միջոցառման Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները

Գեղարքունիքի մարզում ավարտվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի մրցումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, այն անցկացվել է երկու տարիքային խմբով` 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների միջև: Ներդպրոցական փուլն անցկացվել է 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին։ Այս փուլում կազմակերպվել են առանձին մրցումներ 1-6-րդ դասարանների աշակերտների միջև, ինչի արդյունքում ձևավորվել են դպրոցական թիմերը: Թիմի կազմում ընդգրկվել են 5 տղա և 5 աղջիկ։ 1-3-րդ դասարանցիների մրցումային ծրագրում ընդգրկվել են խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք մարմնամարզական օղակներով, մրցումներ երկանիվ հեծանիվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում վարժությունները, իսկ 4-6-րդ դասարանցիների ծրագրում՝ երկանիվ հեծանիվով վարժության փոխարեն ընդգրկվել է խաղային փոխանցումավազք բասկետբոլի գնդակով վարժությունը:

Մարտի 4-18-ը ընկած ժամանակահատվածում դպրոցական թիմերը մասնակցել են համայնքային փուլի մրցումներին, որտեղ ըստ տարիքային խմբերի 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերն իրավունք են ստացել մասնակցելու մարզային փուլի մրցումներին:

1-3-րդ դասարանների աշակերտների միջև մարզային փուլի մրցումներն անցկացվել են 2026 թվականի ապրիլի 21-ին՝ Մարտունու Ս. Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի մարզադահլիճում: Ծավալված հետաքրքիր և համառ պայքարի արդյունքում առաջին տեղը գրավել է Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը՝ Սևանի  Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը: Երրորդ հորիզոնականում  Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմն էր:

4-6-րդ դասարանների աշակերտների միջև մարզային փուլի մրցումներն անցկացվել են ապրիլի 22-ին՝ Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճում, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը: 2-րդ տեղը զբաղեցրել է Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը բաժին է հասել Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմին: Մարզային փուլում երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերին ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր և գավաթներ:

Մայիսի 7-ին և 8-ին Վանաձորում կայանալիք սպորտլանդիայի եզրափակիչ մրցումներում Գեղարքունիքի մարզը 1-3-րդ դասարանցիների մրցապայքարում կներկայացնի Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 4-6-րդ դասարանցիների մրցապայքարում՝ Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան  թիվ 1 հիմնական դպրոցի թիմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում