Հայաստանի ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում` Ալեն Սիմոնյանը կարեւորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանը եւ երկկողմ կապերին վերաբերող թեմաները, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:
Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող հայ գերիների, պահվող անձանց եւ անհետ կորած համարվողների խնդրին: