Տարաբնույթ մշակութային միջոցառումների շնորհիվ Մեղրին և հարակից շրջանները նորովի կբացահայտվեն զբոսաշրջիկների համար
4 րոպեի ընթերցում

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ տարբեր երկրների պատվիրակություններն այցելել են Մեղրի, որը հռչակվել է 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեղրի ժամանած հյուրերի շրջայցը մեկնարկեց համայնքի վերանորոգված մանկապարտեզից, որի բակում կայացավ խորհրդանշական ծառատունկ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշեց, որ միջոցառումների շարքի մեկնարկը տրվում է բավականին հետաքրքիր ձևաչափի մեջ, քանզի տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչները ծառեր են տնկելու։

«Միջոցառումը տեղի է ունենում վերանորոգված մանկապարտեզում, որտեղ ծառ տնկելով մենք ավելացնում ենք Մեղրի քաղաքում կանաչ տարածքը։ Սերտորեն համագործակցում ենք մեր բոլոր գործընկերների հետ։ Բնականաբար, մշակույթը՝ որպես համագործակցության բաղադրիչ, շատ կարևոր ձևաչափ է։ Հենց մշակույթից են սկսում բոլոր երկխոսությունները, բոլոր մտքերը, որոնք կարող են հետո առարկայանալ տարբեր ոլորտներում։ Մեր հյուրերի համար կվերաբացահայտենք Մեղրին, քանզի նախատեսված են այցեր տարբեր վայրեր, որտեղ կան պատմամշակութային հուշարձաններ»,- ասաց փոխնախարարը։
Դանիելյանը հավելեց, որ տարաբնույթ միջոցառումների տրամաբանությունը Մեղրիի և հարակից շրջանի վերաբացահայտումն է զբոսաշրջիկների համար։
«Այստեղ մեզ համար նույնպես բացահատելու շատ բան կա, հետևաբար արդեն քարտեզագրել ենք այն վայրերը, որտեղ պատրաստվում ենք այցելել։ Հյուրասեր մեղրեցիները մշտապես սպասում են մեզ։ Հյուսիս-հարավ ճանապարհի շահագործումից հետո այստեղ հասնելու ժամանակն ու ճանապարհը զգալիորեն կկրճատվեն։ Շատ բան պայմանավորված է նաև զբոսաշրջիկների մեծ հոսքից, ինչը զգալիորեն կխթանի նաև ենթակառուցվածքների աշխատանքը, կբացվեն նոր հյուրանոցներ և հյուրատներ, ինչպես նաև ծառայություններ մատուցող այլ հաստատություններ»,- ասաց Դանիելյանը։

ԱՊՀ երկրներից ժամանած հյուրերն այցելեցին Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցի, որը համարվում է պատմամշակութային բացառիկ կոթող և հայտնի է իր գեղեցիկ որմնանկարներով։ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը հիշեցրեց, որ հարյուրամյակների պատմություն ունեցող եկեղեցին կառուցվել է դեռ 16-րդ դարում։
«Այն տարբերվում է Հայաստանում գտնվող բոլոր եկեղեցիներից՝ ներսի գունային ներդաշնակությամբ և կառուցվածքով։ Ծառայում է համայնքին, որտեղ մարդիկ կատարում են մոմավառություն, այցելում են մեծ խանդավառությամբ՝ պահպանելով քրիստոնեության լավագույն ավանդույթները։ Եկեղեցին ընկալվում է նաև որպես բացառիկ մշակութային կոթող»,- ասաց Մեղրիի համայնքապետը։
Մեղրի ժամանած հյուրերն այցելելցին նաև Շվանիձոր գյուղ, որն աչքի է ընկնում ուշ միջնադարյան պատմամշակութային հուշարձանների բազմազանությամբ, որոնցից նշանավոր է հատակապես գյուղի հարավարևմտյան եզրին գտնվող ջրանցույցը (ակվեդուկ)։ Այն կառուցվել է 17-րդ դարում:

Գյուղապետ Ալիկ Թումանյանը, հյուրերին ներկայացնելով կառույցը, հայտնեց, որ այն միաթռիչք է և կառուցված է սրբատաշ բազալտով, գործում է մինչև օրս և միջնադարյան Հայաստանի նմանատիպ ինժեներական կառույցներից ամենաարժեքավորն է:
Հայտնի է, որ անվանի բնագետ, հնագետ, երկրաբան Դյուբուա դը Մոնպերեն իր ճանապարհորդական նոթերում զարմանք է հայտնել` գյուղում տեսնելով մի գեղեցիկ ակվեդուկ, որն այգիների ոռոգման համար ջուրն ուղղում է ձորի մի կողմից մյուսը: Բնագետի ոգևորությամբ համակված էին նաև ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչները, որոնք տպավորված էին տեսածով և վստահեցրին, որ պատմամշակութային կոթողների առկայությունն ու զբոսաշրջային ճիշտ քաղաքականությունը կարող են լինել լրացուցիչ խթան տարածաշրջանի զարգացման համար։
Միջոցառման շրջանակներում Սյունիքի մարզ են այցելել Բելառուսի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները։