Իրան

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարը պահպանվում է

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարը պահպանվում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարը «լավ է պահպանվում», շուտով Հորմուզի նեղուցի շրջափակումն ուժի մեջ կմտնի, և Իրանը չի կարողանա նավթ վաճառել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խոսել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Reuters գործակալությունը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ նավեր շարժվում են դեպի Իրան, որպեսզի նավթ վերցնեն, սակայն նրանք չեն կարող անցնել Հորմուզի նեղուցով։

«Ժամը տասին (Երևանի ժամանակով՝ 18:00) շրջափակումն ուժի մեջ կմտնի։ Այլ երկրներն աշխատում են, որպեսզի Իրանը չկարողանա նավթ վաճառել», - ասել է նա։

Թրամփը հավելել է, որ Իրանի ռազմական ներուժը ոչնչացվել է, և «հրադադարը լավ է պահպանվում»։ Նա նշել է, որ բանակցությունները ցույց տվեցին, որ Իրանը դեռ ցանկանում է միջուկային ունենալ, սակայն դա երբեք տեղի չի ունենա։

Ավելի վաղ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն առաջարկել է օգնել Հորմուզի նեղուցից ականները հեռացնելու և այն բացելու հարցում, նաև վստահություն էր հայտնել, որ Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։

Թրամփը նշել էր, որ «շատ հիասթափված է ՆԱՏՕ-ից», սակայն այժմ նրանք «ցանկանում են գալ և օգնել նեղուցի հարցում»։

Fox News-ի հետ զրույցում Թրամփը նաև նշել է, որ ամերիկացի բանակցողները՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, իրանական կողմի հետ համաձայնեցրել են ԱՄՆ-ին անհրաժեշտ գրեթե բոլոր կետերը, սակայն Թեհրանը չի ցանկացել հրաժարվել իր միջուկային նկրտումներից։

Միևնույն ժամանակ, Թրամփի պնդմամբ՝ Իրանը «չի լքել բանակցությունների սեղանը»։

«Ես կանխատեսում եմ, որ նրանք կվերադառնան և մեզ կտան այն ամենն, ինչ մենք ցանկանում ենք», - ասել է նա։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը ապրիլի 13-ին կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկող այն նավերին, որոնք չեն մտել և դուրս չեն եկել իրանական նավահանգիստներից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում