Անթույլատրելի է ողբերգական վթարն օգտագործելով՝ տարածել ապատեղեկատվություն․ ՆԳՆ-ն՝ ոստիկանության գվարդիայի ավտոբուսի ՃՏՊ-ի մասին
2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն անթույլատրելի է համարում ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով, ԶԼՄ-ների կողմից ապատեղեկատվության տարածումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սարգսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Չնայած այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՆԳՆ-ն պատշաճ կերպով տարածել էր նախնական տեղեկատվություն՝ նշելով նաև, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն ԶԼՄ որոշ ներկայացուցիչներ ողբերգական պատահարն օգտագործելով, տարածել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Ապատեղեկատվություն է, թե ՆԳՆ ոստիկանության ավտոբուսը ՀՀ վարչապետի ավտոշարասյանն է ուղեկցել։ Ապատեղեկատվություն է նաև, թե իբր տեղի ունեցած ՃՏՊ-ն ՆԳՆ ոստիկանության ավտոբուսի մեղավորությամբ է եղել: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտում բախվել է ՆԳՆ ոստիկանության ավտոբուսին։ Անթույլատրելի է՝ ինչ-ինչ նպատակների համար, ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով, տարածել ապատեղեկատվություն»,- գրել է Սարգսյանը։
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին ապրիլի 11-ին «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հյունդայի» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: