Իրան

Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի հետևում Հորմուզի նեղուցով նավերի անցման շուրջ պայմանավորվածությանը

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի հետևում Հորմուզի նեղուցով նավերի անցման շուրջ պայմանավորվածությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին Հորմուզի նեղուցով նավերի անցման հետ կապված պայմանավորվածությունները չկատարելու համար և հավաստիացրել, որ շուտով նավթը կսկսի անցնել նեղուցով՝ Իրանի օգնությամբ կամ առանց դրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս թեմայի շուրջ մի քանի գրառում է արել իր Truth Social հարթակում։

«Տեղեկություններ կան, որ Իրանը վճար է գանձում Հորմուզի նեղուցով անցնող լցանավերից։ Լավ կլինի՝ նրանք դա անելիս չլինեն, իսկ եթե անում են, ապա լավ կանեն՝  հենց հիմա դադարեցնեն դա», - գրել է Թրամփը գրառումներից մեկում։

Այնուհետև նա քննադատել է The Wall Street Journal-ին, քանի որ նրանք գրել էին, որ Թրամփը «վաղաժամ հաղթանակ է հայտարարել Իրանում»։

«Դա իրականում հաղթանակ է, և դրա մեջ «վաղաժամ» ոչինչ չկա։ Իմ շնորհիվ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, և շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես է նավթը սկսում հոսել՝ Իրանի օգնությամբ կամ առանց նրա, որևէ տարբերություն չկա», - գրել է նա։

Այնուհետև Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցումն ապահովելու հարցում Իրանը լավ չի կատարում իր պարտականությունները։

«Հորմուզի նեղուցով նավթ բաց թողնելու հարցում Իրանը շատ վատ աշխատանք է կատարում, ոմանք կասեին՝ անպատվաբեր։ Մենք այդպես չենք պայմանավորվել», - նշել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Կողմերը Պակիստանում պետք է բանակցություններ վարեն խաղաղության համաձայնագրի շուրջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում