Հայաստան

ՊՆ մամուլի քարտուղարն արձագանքել է Հայկ Սարգսյանի հայտարարություններին

2 րոպեի ընթերցում

ՊՆ մամուլի քարտուղարն արձագանքել է Հայկ Սարգսյանի հայտարարություններին

Հայաստանի Հանրապետության ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակի մասին հայտարարություններին։

«Արմենպրես»-ը ՊՆ մամուլի քարտուղարի գրառումն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

«Երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հնչեցրել է տարաբնույթ հայտարարություններ «պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակի մասին», ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ պատգամավորի պնդումն առ այն, թե իբր 2024 թվականին՝ փակ նիստերից մեկի ժամանակ, տեղի է ունեցել թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան պատճառների մասին քննարկում, ապատեղեկատվություն է:

Հավելենք, որ 2024 թվականին զինված ուժերում թոքաբորբի հետևանքով մահացության որևէ դեպք առհասարակ չի արձանագրվել:

2023 թվականից սկսած իրականացվող պատվաստումային գործընթացի, ինչպես նաև հիվանդների վաղ հայտնաբերման ու պատշաճ բուժօգնության կազմակերպման արդյունքում՝ ընդհանուր հիվանդացության մեջ թոքաբորբով հիվանդացության մակարդակը զգալիորեն նվազել է՝ յուրաքանչյուր տարի 8-13 %, ինչպես նաև էականորեն նվազել է թոքաբորբի պատճառով ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թվաքանակը:

Հաջորդիվ պատգամավորը հնչեցրել է զորակոչի և զորահավաքի վերաբերյալ ենթադրյալ թվեր, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ զորակոչի պլանավորման և թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների շարքին:

Առիթ ենք ունեցել նաև նշելու, որ 2022 թվականի համեմատ՝ 2025 թվականին զորակոչվածների թվաքանակն ավելացել է 25,3 %:

Նմանատիպ ապատեղեկատվությունը կարող է հասարակության մեջ առաջացնել անհարկի անհանգստություն և ձևավորել թյուր պատկերացում զինված ուժերում առկա պայմանների վերաբերյալ:

Նաև հայտարարում ենք, որ զինծառայողների հիգիենայի ապահովումը մշտապես համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում է»։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում