Տեքստիլի համաշխարհային դրսևորումները՝ մեկ վայրում. Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց տարվա առաջին միջազգային ցուցահանդեսը
5 րոպեի ընթերցում

«Թելի իրադարձությունը. տեքստիլի համաշխարհային պատմություններ» միջազգային ցուցահանդեսը, որը բացվեց ապրիլի 3-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, անդրադառնում է՝ ինչ կարող է մեզ պատմել տեքստիլն իշխանության, աշխատանքի, հիշողության և ինքնության մասին առանցքային հարցադրմանը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Միջազգային մշակութային կապերի ինստիտուտի (Ifa - Institut für Auslandsbeziehungen) և Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ իրականացվող նախագիծը ներկայացնում է տեքստիլը ոչ միայն որպես դեկորատիվ կամ կենցաղային նյութ, այլև բարձրացնում է ավելի խորքային հարցեր. ո՞վ է այն պատրաստում, ի՞նչ պայմաններում և ու՞մ պատմություններն են դրանով արտացոլվում։
Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խոսքով՝ ցուցահանդեսը տեքստիլը վերարժևորելու և դրա հետ կապված կարծրատիպերը կոտրելու հնարավորություն է տալիս։

Նա ընդգծեց, որ յուրահատուկ խորագրով ցուցադրությունը շրջիկ է. այն շրջագայությունը սկսել է Գերմանիայից, հետո ուղևորվել է Քուվեյթ, Ստամբուլ, Բեեր Շևա, Լիմասոլ, Սալոնիկ, Թունիս, Պրիշտինա, Սկոպիե և Նովի Սադ, իսկ այժմ ցուցահանդեսը ժամանել է Երևան՝ անդրազգային զրույցում նոր կապեր հյուսելու համար:
Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Լարս Հեննիգը կարևորեց հայկական թելի արդյունաբերությունը՝ արտահանումը, ներմուծումը, ինչպես նաև հայ դիզայներների աշխատանքները, որոնք ներկայացվում են տարբեր երկրներում և ապացուցում են հին ասացվածքն այն մասին, որ արվեստը սահմաններ չի ճանաչում։

Ըստ փոխդեսպանի՝պատահական չէ, որ Գերմանիայի կառավարությունն ամեն կերպ փորձել է աջակցել հայկական թելի արտադրմանը, ոլորտի կայունացմանն ու ամրապնդմանը։
«Եթե ես ձեր առջև կանգնած լինեի մոտավորապես 2 հարյուր տարի առաջ, կկրեի մուգ կապույտ կոստյում, որը կունենար ձիգ օձիք, զարդարված կլինեի խոշոր ոսկեգույն զարդերով։ Ֆրանսիացի գործընկերներս այդ հագուստի վրա սուր կավելացնեին, կաղնու ոսկեգույն տերևներ։ Դա ապացուցում է, որ թելի աշխարհը խորքային իմաստ և պատմություն ունի, իսկ մենք այսօր ավելի միատարր ենք հագնված և ընդգծում ենք մեր ստեղծարարությունն այլ տեսանկյունից։ Թե՛ հայկական թելի արտադրությունը, թե՛ համաշխարհային թելի արտադրության ամբողջ պատմությունն այս ցուցադրությունն առավել արժեքավոր են դարձնում»,-շեշտեց Հեննիգը։
Ցուցահանդեսի աջակիցն է Հայաստանի «Գյոթե» ինստիտուտը, որի տնօրեն Յան-Թագե Քյուլինգն ընդգծեց, որ Գերմանիայի տարբեր ինստիտուտներից, տարբեր մշակութային կառույցներից հաճախ են հարցադիմումներ ստանում այն մասին, թե ինչպիսին է Հայաստանում թելի պատկերը մեր օրերում։

«Չեմ սխալվի, եթե նշեմ, որ թելի արվեստն այսօր ծաղկում է ապրում, և Հայաստանում թելի արտադրության ծաղկումը համահունչ է համաշխարհային միտումներին։ Թելի և տեքստիլի արվեստը փոխկապակցված են և արտացոլում են որոշակի գեղագիտություն։ Ցուցադրությանը տեսնում ենք ավանդականի և ժամանակակիցի ներդաշնակությունը։ Կարևոր է, որ տեքստիլը նաև միավորում է թանգարաններն ու մեր առօրյա կյանքը»,-նշեց Յան-Թագե Քյուլինգը՝ ցուցադրության առթիվ շնորհավորելով բոլորին։
Ցուցահանդեսին Ifa-ի հավաքածուի 13 ժամանակակից միջազգային նկարիչների աշխատանքները ներկայացված են Հայաստանից և սփյուռքից 16 նկարիչների հետ երկխոսությամբ:

Ստեղծագործելով ինստալացիայի, պերֆորմանսի, վիդեոարտի, նկարչության, քանդակագործության և այլ արվեստի բնագավառներում՝ մասնակից արվեստագետները խնդրականացնում են տեքստիլի առկա պատկերացումները՝ որպես ապաքաղաքական, անանուն կամ բացառապես «կանացի» ոլորտ, փոխարենը բացահայտելով այն իբրև դիմադրության, գիտելիքների արտադրության և հավաքական հիշողության տիրույթ:
Ցուցահանդեսի համադրողներն են Վիգեն Գալստյանը (ՀԱՊ), Ասյա Յաղմուրյանը, Ինկա Գրեսսելը (Բեռլին), Սուսան Վայսը (Ifa):
Ցուցահանդեսն ուղեկցվում է հանրային զրույցների ծրագրով և հրատարակությամբ:

«Թելի իրադարձությունը. տեքստիլի համաշխարհային պատումները» ifa-ի (Institut für Auslandsbeziehungen) նախագիծն է, որը ներկայացվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ և Սերգեյ Փարաջանովի թանգարանի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի կինոյի հիմնադրամի և Aha Collective-ի մասնակցությամբ։