Հայաստան

2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն

2 րոպեի ընթերցում

2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն

2025 թվականին ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի գերակշիռ մասը՝ 87 տոկոսը, կազմել են ֆիզիկական և հոգեկան ներգործության ու առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՀՀ գլխավոր դատախազության 2025 թվականի տարեկան հաղորդման մեջ։

Հաղորդման համաձայն՝ նշված ցուցանիշը որոշակի նվազում է արձանագրել նախորդ տարվա համեմատ, երբ այն կազմում էր 90 տոկոս։

«Ընտանեկան և կենցաղային բռնությունների դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց գերակշիռ մասը կազմում են ֆիզիկական և հոգեկան ներգործության դեպքերը»,- նշված է հաղորդման մեջ։

Միաժամանակ հաշվետու տարում արձանագրվել է ընտանեկան և կենցաղային բռնության հիմքով կատարված սպանության 14 դեպք (2024-ին՝ 13), առևանգման 12 դեպք (2024-ին՝ 5), ինչպես նաև առողջությանը ծանր վնաս պատճառելու 10 դեպք (2024-ին՝ 15)։

Հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել նաև ոլորտում իրականացված ինստիտուցիոնալ քայլերին։

«2025 թվականի հունվարի 24-ին գործարկվել է Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման առաջին թվայնացված միասնական համակարգը»,- նշվում է փաստաթղթում։

Դատախազության ներկայացմամբ՝ 2025 թվականին ապահովվել է նաև ոլորտին վերաբերող մասնագիտական քննարկումներում ակտիվ ներգրավվածություն, ինչպես նաև կազմակերպվել են վերապատրաստումներ։

«2025 թվականի ապրիլի 9-ին, 10-ին և 15-ին Արդարադատության ակադեմիայում 57 դատախազ վերապատրաստվել է ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով»,- նշվում է հաղորդման մեջ։

Բացի այդ, ապրիլի 26-27-ը կազմակերպված երկօրյա դասընթացին մասնակցել է ևս 50 դատախազ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում