Բասկետբոլ, մինի ֆուտբոլ, ավտոսպորտ. Սպորտի միջազգային օրը կնշվի բազմաբնույթ միջոցառումներով
3 րոպեի ընթերցում

Սպորտի միջազգային օրը՝ ապրիլի 6-ին, Հայաստանում նշվելու է բազմաբնույթ միջոցառումներով։ «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամը, Women of Armenia Network-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի աջակցությամբ կանցկացնեն սպորտին նվիրված ծավալուն միջոցառումներ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանը նշեց, որ միջոցառումներն անցկացվում են «Սպորտը հանուն զարգացման և խաղաղության» խորագրի ներքո։
Մեկնարկը տրվելու է Հանրապետության հրապարակում ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին։ Զուգահեռ միջոցառումներ են անցկացվելու նաև Հյուսիսային պողոտայում, որտեղ հանդես են գալու սպորտի ֆեդերացիաները։
«Միջոցառումների նպատակն է սպորտի հանրահռչակումը, հնարավորինս շատ մարդկանց ներգրավելը, կարևոր ուղերձ փոխանցելն այն մասին, որ սպորտը շատ կարևոր է և պետք է լինի մեր առօրյայի մաս։ Եվ պարտադիր չէ, որ բոլորը պրոֆեսիոնալ մարզիկներ դառնան, չէ՞ որ մարզումների կարևոր բաղադրիչ է առողջ ապրելակերպը»,-ասաց Նազիկ Ավդալյանը։

Տարբեր սպորտաձևերով մի շարք թիմեր ու առանձին մարզիկներ հանդես են գալու ցուցադրական ելույթներով, մասնավորապես, բասկետբոլ, մինի ֆուտբոլ, street workout, ավտոսպորտ, սքեյթբորդինգ և այլն։ Women of Armenia Network-ի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանը նշեց, որ միջոցառումների բազմազանությունն անտարբեր չի թողնի ոչ մի այցելուի։

«Այդ օրը սպորտային տոն է լինելու։ Ես և Նազիկը նախկին պրոֆեսիոնալ մարզիկներ ենք ու չէինք կարող անտարբեր մնալ։ Այդ իսկ պատճառով, միավորելով մեր ուժերը, համագործակցելով մեր գործընկերների հետ, հանդես ենք գալիս լայնածավալ միջոցառումներով՝ ակնկալելով, որ կներգրավվեն մեծ թվով մարդիկ»,-ասաց Հասմիկ Մովսիսյանը։
Միջոցառումները լինելու են ինտերակտիվ՝ ներգրավելու են բոլոր ցանկացողներին, հետո տեղում կաշխատեն մարզչներն ու մարզիկները։ Սպորտի հանրահռչակման համատեքստում Նազիկ Ավդալյանը կարևորեց մարզերում ենթակառուցվածքների զարգացումը՝ նշելով, որ այդ ուղղությամբ զգալի աշխատանք կա կատարելու։ Նա տեղեկացրեց, որ Արթիկ համայնքի Փանիկ գյուղում կառուցվելու է մեծ մարզակրթական կենտրոն։ Այս գյուղի հարակից 23 շրջաններից տրանսպորտային հասանելիություն կա, իսկ դա նշանակում է, որ բազմաթիվ երեխաներ հնարավորություն կունենան այցելելու մարզակրթական կենտրոն։ Այնտեղ երեխաները կարող են ոչ միայն սպորտով զբաղվել, այլև ֆիլմեր ու ներկայացումներ դիտել, ինչպես նաև մասնակցել այլ կրթական ծրագրերի։
Ապրիլի 7-ին էլ սպասվում է «Սպորտի կարևորությունը կյանքում» խորագրով պանելային քննարկում։ Ոլորտի մասնագետները կքննարկեն սպորտի դերը հասարակական զարգացման և խաղաղության հաստատման գործում։
