Ներառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեց

5 րոպեի ընթերցում

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի և Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի միջև ձևավորված համագործակցությունը շարունակվում է նոր նախաձեռնությամբ․ աշակերտները համատեղ բեմական ներկայացմամբ ևս մեկ անգամ ընդգծում են կրթության հավասար իրավունքի կարևորությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցում կայացավ ներառականությանն ուղղված հերթական համատեղ միջոցառումը՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց ռեսուրս-կենտրոն»-ի սաների մասնակցությամբ։ Միջոցառումը նպատակ ունի խթանել համագործակցությունը, փոխըմբռնումը և կրթության հավասար հասանելիությունը բոլոր երեխաների համար։ 

Դպրոցի տնօրեն Տաթևիկ Եսայանը նշեց, որ երկու կրթական հաստատությունների միջև ձևավորված բարեկամությունը տարիների պատմություն ունի. «Մեզ համար ներառական կրթությունը կրթության հավասար իրավունքի իրացման հնարավորություն է, և այս համագործակցությունը շարունակական է, իրականացվել է տարբեր ձևաչափերով: Մենք միասին ունեցել ենք ասմունքի միջոցառումներ, սպորտային հանդիպումներ, ուսումնական մրցույթներ, վիկտորինաներ և երեխաների պաշտպանության օրվա համատեղ տոնակատարություն»,- նշեց նա:

Տնօրենը հավելեց, որ այս նախաձեռնությունը ևս մեկ դրսևորում է այդ ջերմ կապի․ «Մեր երեխաները միասին լինելու են բեմում, ներկայացնելու են գեղեցիկ ներկայացում՝ ևս մեկ անգամ ցույց տալու համար համագործակցության և հավասար կրթության գաղափարը»,- հավելեց Եսայանը։

Խոսելով ներառականության կարևորության մասին՝ Տաթևիկ Եսայանն ընդգծեց, որ իրենց դպրոցում այն արդեն իրականություն է։

«Մենք դա չենք դիտարկում պարզապես որպես ներառականություն, այլ որպես կրթության հավասար իրավունքի իրացում։ Մեզ մոտ երեխաները սովորում են հավասար պայմաններում, և թե՛ ուսուցիչները, թե՛ դասընկերներն աջակցում են, որպեսզի յուրաքանչյուր երեխա իրեն լիարժեք աշակերտ զգա»,- ասաց նա՝ նշելով, որ դպրոցում սովորում է շուրջ 20 նման աշակերտ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն էլ նշեց, որ պետության քաղաքականությունն ուղղված է համընդհանուր ներառականության ապահովմանը բոլոր մակարդակներում՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն։ Նրա խոսքով՝ անցումը պետք է լինի սահուն, և նախկինում մեկուսացված գործող հատուկ դպրոցների մոդելը փոխվում է։

Սարգսյանը պարզաբանեց, որ այդ հաստատությունները վերածվում են ռեսուրս կենտրոնների, որոնք աջակցելու են հանրակրթական դպրոցներին՝ տարբեր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ արդյունավետ աշխատելու համար։ «Այս համագործակցությունների արդյունքում երեխաները սովորում են հաղորդակցվել, համագործակցել և ընդունել բազմազանությունը»,-նշեց նա՝ ընդգծելով, որ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցն արդեն գործում է որպես ռեսուրս կենտրոն։

Նա նաև անդրադարձավ կրթական միջավայրի անվտանգությանը՝ հիշեցնելով, որ 2025-2026 ուսումնական տարին հայտարարված է անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի։ «Կարևոր է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական անվտանգությունը, և նման միջոցառումները նպաստում են խտրականությունից զերծ միջավայրի ձևավորմանը»,- ընդգծեց Սարգսյանը։

«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց ռեսուրս-կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Բաբայանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ հաստատությունը շուտով պաշտոնապես կդառնա հանրապետական նշանակության ռեսուրս կենտրոն։  

«Մշտապես կարևորելով համընդհանուր ներառականությունը՝ մենք ակտիվ համագործակցում ենք տարբեր հանրակրթական դպրոցների հետ, քանի որ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս երեխաներին ճանաչել միմյանց և հաղթահարել տարբերությունները։ Միայն այս կերպ կարող ենք հասնել նրան, որ ապագայում մեր սերունդները պատրաստ լինեն ընդունելու իրենցից տարբերվող մարդկանց»,- ասաց  նա՝ սա գնահատելով որպես կարևոր մարդասիրական ներդրում կրթության ոլորտում։

Նրա խոսքով՝ թիվ 35 հիմնական դպրոցը այն կրթօջախներից է, որտեղ լսողության խանգարումներ ունեցող երեխաները լիարժեք ներառվում են․ «Նրանց ճանաչում են, սիրում են և ընդունում նրանց առանձնահատկությունները»,- ասաց նա։

Արմինե Բաբայանը նշեց, որ իրենց դպրոցում սովորում է 94 աշակերտ, սակայն լսողության խնդիրներ ունեցող բազմաթիվ երեխաներ կրթություն են ստանում նաև հանրակրթական դպրոցներում։

«Մենք աջակցում ենք, որպեսզի նրանք լիարժեք ներառվեն կրթական գործընթացում»,-եզրափակեց նա։ 

Հայերեն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին