Քաղաքականություն

Նրանց համար քաղաքացին ապրանք է. վարչապետը՝ Կարապետյանի, Քոչարյանի ու Ծառուկյանի մասին

3 րոպեի ընթերցում

Նրանց համար քաղաքացին ապրանք է. վարչապետը՝ Կարապետյանի, Քոչարյանի ու Ծառուկյանի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշառքի  սխեմաներում քաղաքացիները դիտարկվում են որպես ապրանք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանրությունը երեկվանից քննարկում է Հակակոռուպցիոն կոմիտեի սենսացիոն բացահայտումը, որտեղ ի ցույց է դրվում «Տաշիր Սամոյի» կողմից կազմակերպված ընտրակաշառքների ցանցը։ Սակայն այս պատմության մեջ ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր հանգամանքի վրա։

Ձայնագրության մեջ խոսող անձանցից մեկը ասում է. «Ինչքան որ ես արել եմ, դա քեզ հալալ լինի, բայց այդ 180 հոգուն ես կտամ ուրիշին»։ Մյուսը պատասխանում է. «Ախպերս, ինչ տվել ենք քեզ, տուր, թող Կամոն բերի, ցավդ տանեմ, այդ 180-ն էլ տար տուր ՔՊ-ին, թող տան քեզ»։ Իսկ մյուսը նշում է. «Ես ՔՊ-ին չեմ տալու, ես գիտեմ՝ ում կտամ»։

Սա շատ կարևոր բացահայտում է, որը ցույց է տալիս Քոչարյան–Կարապետյան–Ծառուկյան ուժերի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ։ Նրանց համար մարդը, քաղաքացին ապրանք է, որը կարելի է «փաթեթավորել»՝ 50, 100, 180, 200 հազար դրամով և տարբեր միջնորդների միջոցով փոխանցել այս կամ այն քաղաքական ուժին»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը ընդգծել է, որ նման մոտեցումը չի համապատասխանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին։

«Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել փոփոխություն։ Սա ձեզ համար Նիժնի Տապրի գյուղ չէ, որտեղ կարող եք նման մեթոդներ կիրառել։

2026 թվականի հունիսի 7-ին դուք ստանալու եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատասխանը։ Այն քաղաքացին, որին փորձում եք թվարկել, փաթեթավորել և վաճառել, ձեզ է փաթեթավորելու ու դնելու այն տեղը, որին արժանի եք։ Հայաստանի Հանրապետության համը ձեր բերանում է մնալու»,- եզրափակեց Փաշինյանը։

Ավելի վաղ, Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընտրակաշառքի ենթադրյալ մեխանիզմ, որը, ըստ հրապարակված տվյալների, կապված է «Մեր ձևով» շարժման հետ, որի ղեկավարն է գործարար Սամվել Կարապետյանը։

Ըստ հաղորդագրության՝ Մեծամոր համայնքում բացված «Մեր ձևով» հասարակական կազմակերպության միջոցով քաղաքացիները ձևական գրանցվել են որպես աշխատակիցներ՝ իրականում ընտրողներ հավաքագրելու նպատակով, իսկ տրամադրվող գումարները ներկայացվել են որպես աշխատավարձ՝ քողարկելով ընտրակաշառքի տրամադրումը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում