Քաղաքականություն

Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականությունը հիմնված է երկրի շահերի վրա

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականությունը հիմնված է երկրի շահերի վրա

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններին՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջնորդվում է բացառապես երկրի պետական շահերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքացիներից վարչապետի հետ զրույցում նշեց, որ ողջունում է Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղվածությունը և ինքն էլ իրեն համարում է եվրոպամետ։ 

«Այո, մենք ընդունել ենք օրենք Եվրամիությանն անդամագրվելու գործընթացը մեկնարկելու մասին։ Բայց այդ «մետության» բանաձևը ինձ դուր չի գալիս։ Մենք հայաստանամետ ենք։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Հայաստանի կառավարությունը չի կարող այլամետ լինել, Հայաստանի կառավարությունը հայաստանամետ է»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական որոշումները հիմնվում են երկրի շահերի վրա։

«Մենք կայացնում ենք որոշումներ, որոնք մեր գնահատմամբ համապատասխանում են Հայաստանի Հանրապետության շահերին»,– ընդգծեց նա։

Փաշինյանը բարձր գնահատեց նաև Եվրամիության հետ հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ դրանք գտնվում են հնարավորինս բարձր մակարդակի վրա և շարունակում են խորանալ։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանը զարգացնում է հարաբերությունները տարբեր գործընկերների հետ։ 

«Մենք Ռուսաստանի հետ նույնպես զարգացնում ենք հարաբերությունները, թեև դրանք գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, որը դրական եմ գնահատում։ Մենք կարևորում ենք հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Ադրբեջանի հետ առաջ ենք տանում խաղաղության գործընթացը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատում ենք»,– ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ եթե խոսվում է «մետության» մասին, ապա դա  կարող է լինել միայն հայաստանամետության մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում