3 րոպեի ընթերցում
Ներքին գործերի նախարարությունն իրականացնում է արտակարգ ռեժիմով ծառայություն՝ պայմանավորված հանրապետությունում առատ տեղումներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։
«Մարտի 26-ին Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ստացվել էր տեղեկատվություն մի շարք գետերի հնարավոր վարարումների վերաբերյալ՝ պայմանավորված հորդառատ անձրևներով։ Տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ՆԳ նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումները իրականացրել են մի շարք անհետաձգելի միջոցառումներ։ Մասնավորապես՝ կազմակերպվել են իրազեկման ծավալուն աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել ՀՀ ՏԿԵ, ՇՄ նախարարությունների և մարզպետարանների հետ, քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության»,- ասված է հաղորդագրությունում։
Մարտի 27-ի՝ ժամը 19-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։
«Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։ Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Համատեղ ուժերով արգելափակումից դուրս է բերվել 6 տրանսպորտային միջոց։ Մասնատվել և հեռացվել են վնասված ծառեր, իրականացվել են ճանապարհի մաքրման, վթարավերականգնողական աշխատանքներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով նշված փողոցում ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից սահմանափակվել էր երթևեկությունը»,- հայտնում են ՆԳՆ-ից։
Ժամը 19։00-ի դրությամբ, փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է։ Արզումանյան փողոցի երթևեկությունը վերականգնվել է։ Պարեկների և փրկարարների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն։
Գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ մյուս մարզերում ահազանգեր չեն ստացվել։
Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին հորդորում է հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։