Կրթությունն ու նորարարությունը՝ մեկ հարթակում. Երևանում մեկնարկեց առաջին MindX միջազգային կրթական համաժողովը
8 րոպեի ընթերցում
MindX միջազգային կրթական համաժողովը, որը կազմակերպել են «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և Հայաստանի կրթական նախաձեռնությունը, միավորում է կրթության, տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով վերաիմաստավորել կրթության դերը Հայաստանի ապագայի ձևավորման գործում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկօրյա համաժողովի մեկնարկն ազդարարվեց մարտի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
Բացմանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ MindX-ն ընկալում է որպես մտքի խաչմերուկ։ Ըստ նրա՝ կրթությունը մտքի խաչմերուկ է, և մտքերը, պատկերացումներն ու գաղափարները միմյանց հետ կիսելով՝ հնարավոր է գտնել կարևոր խնդիրները լուծելու ճանապարհներ, որոնք կրթությունը դարձնում են ռազմավարական համակարգ։
«Մենք շատ ենք խոսում փոփոխությունների մասին և չենք զգում, թե ինչպես ենք սովորել ապրել այս փոփոխությունների ընթացքում։ Փոփոխությունների շրջանում մեր գործն անելն այն կարևոր ճանապարհն է, որով պետք է գնանք, իսկ կրթական համակարգը, անկախ հանգամանքներից և իրավիճակից, իր գործն անում է։ Մարդիկ մտնում են դասարան՝ անկախ նրանից, թե ինչ տրամադրություն ու հոգսեր ունեն։ Աշխատում են, քանի որ իրենց սպասում են երեխաներ, որոնք հարցեր ունեն, ուստի իրավունք չունենք փոփոխությունների շրջանում կանգ առնելու մասին մտածել, նաև այս պատճառով է, որ կրթական համակարգում աշխատանքը շատ մեծ ծանրաբեռնվածություն և ճնշում է ենթադրում։ Պետք է ավելի շատ խոսենք ուսուցչի լավակեցության մասին, որն առանցքային գործոն է կրթական համակարգի, միջավայրի համար։ Պետք է հասկանալ, թե այդ փոփոխությունների շրջանում ինչ գործիքների կարիք կա, որպեսզի կրթական համակարգի բոլոր մասնակիցներն իրենց լավ զգան»,-ասաց Անդրեասյանը։
Նախարարի համոզմամբ՝ որակյալ կրթությունը հնարավոր է մի միջավայրում, որում թե՛ ուսուցիչը, թե՛ երեխան իրենց պաշտպանված, ապահով և արժանապատիվ են զգում։
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանն էլ ուրախությամբ հայտնեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է «Սերունդ» դպրոցների մեկնարկը։ «Այս սեպտեմբերին բացվելու է մեր փորձնական դպրոցը։ Այն ԱԲ-ի և սոցիալ-հուզական կրթության վրա հիմնված Հայաստանի առաջին դպրոցը կլինի։ Այն ոչ թե երազանք է, այլ իրական դպրոց է՝ իրական երեխաների համար»,-տեղեկացրեց Հովհաննիսյանը։
Նա շեշտեց, որ դպրոցի հիմնասյուներից է վերաիմաստավորված ակադեմիական կրթությունը. այն է, ոչ թե անգիր անել, այլ հետազոտել և հասկանալ։ «Ուսումնական ծրագիրը գնում է ինչ մտածելուց, մինչև ինչպես մտածել և ստեղծել։ Յուրաքանչյուր երեխա ստանում է ուսուցում, որը հարմարեցված է իր մտածելակերպին, իր դժվարություններին։ ԱԲ-ն փոխում է առօրյա գործերը, որպեսզի ուսուցիչներն ու աշակերտները կենտրոնանան նրա վրա, թե ինչ կարող է անել մարդը՝ բանավիճել, ստեղծել։ Ուսուցիչը կարող է դիտարկվել որպես առաջնորդ-ուսանող, ոչ թե դասախոս գրատախտակի մոտ, այլ մարզիչ, մենթոր, խորը մարդկային հարաբերությունների մասնագետ, որը ձևավորում է երեխայի բնավորությունը։ Կարևոր է նաև ամբողջական մարդկային զարգացումը։ Մեր շրջանավարտները պետք է իմանան, թե ինչպես լուծել կոնֆլիկտներ, որոշումներ կայացնել ճնշման տակ և այլն։ Հիմնասյուներից է նաև այն գաղափարը, որը «Սերունդ»-ը սովորեցնում է ապրել, ոչ թե միայն քննություն հանձնել, հասկանալ, թե ինչպես է աշխատում ֆինանսական աշխարհը, թե ինչպես են կառավարությունները որոշում կայացնում, ինչպես են զրոյից գաղափար կառուցում ու կյանքի կոչում»,-մանրամասնեց Լարիսա Հովհաննիսյանը։
Հայաստանի կրթական նախաձեռնության գործառնական ղեկավար Գոռ Նազարյանի խոսքով՝ իրենց համար MindX-ը պարզապես համաժողով չէ, այլ հանձնառություն, որ անգամ անորոշ ժամանակաշրջաններում պետք է շարունակել ներդրում ունենալ կրթության բնագավառում, հանձնառություն, որ Հայաստանի ապագան ոչ թե սպասման և իներցիայի, այլ նպատակաուղղված աշխատանքի արդյունք է։
«Սա մեզ հանգեցնում է առանցքային հարցի, թե արդյոք մեր կրթական համակարգը համապատասխանում է ներկայիս աշխարհին։ Սա միայն մանկավարժական հարց չէ, այն քաղաքական, տնտեսական, իսկ մեր պարագայում նաև ազգային հարց է։ Այս հարցի պատասխանատվությունը չի ընկնում միայն դպրոցների կամ կրթության ոլորտի ներկայացուցիչների վրա, այն նաև վերաբերում է քաղաքականություն մշակողներին, բիզնեսին, կազմակերպություններին, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հավաքական պատասխանատվություն ստանձնել։ MindX-ը վայր է, որտեղ կրթությունը հանդիպում է նորարարությանը, որտեղ համաշխարհային փոփոխությունները հանդիպում են տեղական համատեքստին, որտեղ խոսակցությունները պետք է վերածվեն գործի։ Համաժողովը հրավեր է համագործակցելու, սահմանելու, թե ինչպիսին պետք է լինի կրթությունը, հրավեր՝ ստանձնելու հավաքական պատասխանատվություն»,-ընդգծեց Նազարյանը։
Համաժողովի նպատակն է ստեղծել համագործակցության նոր ձևաչափեր և քննարկել, թե ինչպես կարող է Հայաստանի կրթական էկոհամակարգը խթանել նորարարությունը, զարգացնել մրցունակ աշխատուժը և նպաստել տնտեսական աճին։
Համաժողովի հիմնական գաղափարն է՝ կրթությունը միայն մեկ համակարգի պատասխանատվությունը չէ, այլ ամբողջ հասարակության համատեղ առաքելությունը։ MindX-ը նպատակ ունի կրթությունը դարձնել այն տարածքը, որտեղ ձևավորվում են նոր առաջնորդներ, գաղափարներ և գործընկերություններ՝ պատրաստելու հաջորդ սերունդն արագ փոփոխվող աշխատաշուկային։
Համաժողովի ընթացքում նախատեսված են զեկույցներ, պանելային քննարկումներ, կրեատիվ ելույթներ և համագործակցային ձևաչափեր, որոնք կանդրադառնան կրթության ապագային, արհեստական բանականության և տվյալների դերին ուսուցման մեջ, ինչպես նաև կրթության, տեխնոլոգիաների և տնտեսության միջև կապերի խորացմանը։
Ժաննա Անդրեասյան․ «MindX» միջազգային կրթական համաժողովի մեկնարկը
«MindX» միջազգային կրթական համաժողովի մեկնարկը
«MindX» միջազգային կրթական համաժողովի մեկնարկը
«MindX» միջազգային կրթական համաժողովի մեկնարկը
«MindX» միջազգային կրթական համաժողովի մեկնարկը
Ժաննա Անդրեասյան․ «MindX» միջազգային կրթական համաժողովի մեկնարկը
«MindX» միջազգային կրթական համաժողովի մեկնարկը
«MindX» միջազգային կրթական համաժողովի մեկնարկը
«MindX» միջազգային կրթական համաժողովի մեկնարկը
«MindX» միջազգային կրթական համաժողովի մեկնարկը
MindX-ը նպատակ ունի դառնալ այն հարթակը, որտեղ կրթությունը, նորարարությունը և համագործակցությունը միավորվում են՝ նպաստելով Հայաստանի ստեղծարար և տեխնոլոգիական ապագայի ձևավորմանը։