Փաշինյանը հակադարձել է ընդդիմադիրների պնդումներին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արժանապատիվ չէ
7 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմադիր որոշ ուժերի կողմից հնչող հայտարարություններին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն արժանապատիվ չէ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
«Պատերազմի՝ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը մի թեզ է որդեգրել, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն արժանապատիվ չէ։ Ինչո՞վ են նրանք հիմնավորում այդ թեզը։ Օրինակ, հիմնավորումներից մեկն այն է, որ Ադրբեջանը ներխուժում է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածք։ Նրանք նկատի ունեն 2021-2022 թվականների իրադարձությունները։
Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստարկների վրա։ Նախ, դա տեղի է ունեցել ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի պատճառով։ Եվ, ի դեպ, նախորդող շրջանի բոլոր ներխուժումները երկու կողմերից տեղի են ունեցել ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի, պատերազմի պատճառով։
Եվ, ընդհակառակը, խաղաղության օրակարգի, խաղաղության գործընթացի շնորհիվ է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի ճանաչում է տեղի ունեցել, և, ընդ որում, սա տեղի է ունեցել արդեն իսկ Հայաստանում և Ադրբեջանում դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի միջոցով։ Ես նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը երկու երկրներում վավերացվել է և այլևս ունի իրավաբանական բարձրագույն ուժ։ Եվ, հետևաբար, այդ փաստաթղթով, որտեղ ասվում է, որ Ալմաթիի հռչակագիրը ընդունվում է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք, ճանաչվել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ամբողջ տարածքը։ Իհարկե, մենք էլ ճանաչել ենք Ադրբեջանի ինքնիշխան տարածքը»,- ասել է վարչապետը՝ շեշտելով, որ դրանով վերահաստատվել է Հայաստանի ինքնիշխան տարածքը նախ դե յուրե, իսկ դե ֆակտո հաստատումը արդեն տեղի կունենա սահմանազատման գործընթացի արդյունքներով։
Փաշինյանն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ այդ ներխուժումները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանն ունեցել է դե յուրե անվտանգության երաշխիքներ և երաշխավոր, ընդ որում, այդ դե յուրե անվտանգության երաշխիքները և երաշխավորությունը դե ֆակտո նաև վերահաստատված է եղել։
«Հաջորդը՝ ինչո՞վ են հիմնավորում, որ խաղաղությունն արժանապատիվ չէ։ Հիմնավորում են գերեվարված և անազատության մեջ գտնվող անձանց առկայության հանգամանքով։ Բայց էլի՝ այդ մարդիկ անազատության մեջ հայտնվել են ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի, պատերազմի պատճառով։ Եվ, ընդհակառակը, կոնֆլիկտի շարունակությունն անգամներով նվազեցնում է, եթե չասենք անհնար է դարձնում նրանց ազատ արձակվելը, իսկ խաղաղությունն անգամներով ավելացնում է, եթե չասենք երաշխավորում է նրանց ազատ արձակումը։ Ես շատ հստակ ասում եմ, որ, օրինակ, Վագիֆ Խաչատրյանի վերադարձը Հայաստան մեծ ցնծությամբ ընդունվեց հանրության և բոլորիս կողմից, բայց ես երաշխավորում եմ՝ եթե չլիներ խաղաղության գործընթացը, նա չէր վերադառնա, դա բացառվում է։ Հետևաբար, այս խոսույթը, որ խաղաղությունն արժանապատիվ չէ, դա հենց պատերազմի խոսույթ է։ Այսօր տեսեք ի՞նչ է տեղի ունենում՝ մեր զինվորների ծնողները գիշերը հանգիստ քնում են։ Սա պատերազմի՝ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան եռագլուխ կուսակցության համար անարժանապատիվ է, որովհետև իրենց համար արժանապատիվն այն է, որ մենակ իրենք հանգիստ քնեն, որովհետև իրենց տղաները կամ չեն ծառայում, կամ էլ ծառայել են Երևանի փոքր կենտրոնում, օրինակ, ԱԱԾ-ի պահեստներից ներս։ Իսկ որ Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ հանգիստ քնում են, դա արդեն իրենց համար անարժանապատիվ է, որովհետև իրենց համար արժանապատիվն այն է, որ միայն իրենք հանգիստ քնելու հնարավորություն ունենան։
Մի այլ հանգամանքի վրա էլ եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ Այն, որ տասնյակ տարիներով տասնյակ հազարավոր տղամարդիկ իրենց անարժանապատիվ էին զգում այն փաստի բերումով, որ շատերը իրենց տղաներին ապօրինի ձևով բանակից ազատում էին, իսկ նրանք դա չէին կարողանում անել փողի բացակայության կամ քչության պատճառով և իրենց կանանց և ընտանիքի անդամների աչքերին չէին կարողանում նայել, դա նրանց համար անարժանապատիվ չէր։ Արժանապատիվ էր, որովհետև փող էին գռփում, ինչո՞ւ պետք է անարժանապատիվ լիներ, բա ինչո՞վ են այդ տասնյակ և հարյուրավոր միլիոնները կուտակել»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ արժանապատիվ խաղաղությունն այն է, որ մեր սահմանամերձ բոլոր գյուղերի բնակիչները գիշերը հանգիստ քնում են, իսկ որ տասնյակ տարիներով այդ մարդիկ իրենց խոհանոց մտնելիս չեն իմացել՝ այդ խոհանոցից դուրս կգա՞ն, թե՞ դուրս չեն գա, դա փաստորեն անարժանապատիվ չէր։ Որ սահմանամերձ գյուղերի բնակիչները իրենց խոհանոցից ննջարան պետք է սաղավարտով գնային, դա փաստորեն անարժանապատիվ չէր, դա արժանապատիվ էր, իսկ որ մարդիկ այսօր տանը հանգիստ քնում են՝ առանց մտավախության, դա փաստորեն եռագլուխ պատերազմի կուսակցության համար անարժանապատիվ է։
Անարժանապատիվը իրականում գիտե՞ք որն է, որ մենք ուրիշի հույսով, ուրիշի դրդմամբ, ուրիշի կազմակերպմամբ մտել ենք կոնֆլիկտի մեջ և թույլ ենք տվել, որ մեզ օգտագործեն ուրիշների դեմ, և դրա արդյունքում մենք օգտագործվել ենք ինքներս մեր դեմ, մեր պետության, մեր անկախության, մեր ինքնիշխանության դեմ։ Դա է անարժանապատիվը»,- նշել է Փաշինյանը։
Նա նաև հավելել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որոնք, ըստ Փաշինյանի, ամբողջ կյանքում եղել են արժանապատիվ վասալի կարգավիճակում, արդեն դարձել են անարժանապատիվ վասալ, քանի որ Հայաստանը, ի վերջո, կարողացել է հաղթահարել անարժանապատիվ վասալի կարգավիճակը և արժանապատիվ դիրքում է, իսկ այդ ուժերի համար դա դիսկոմֆորտ է։
«Ուզում եմ եթերս ավարտել հետևյալ եզրակացությամբ՝ խաղաղությունն արժանապատվություն է, և արժանապատվությունը խաղաղությունն է»,- եզրափակել է ՀՀ վարչապետը։