Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման նախարարական քննարկմանը

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է  Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման նախարարական քննարկմանը

Անդորրայում անցկացվող Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Շրջակա միջավայրի անվտանգությունը լեռնային տարածաշրջաններում. դիմակայունության, համագործակցության և համաշխարհային կայունության ամրապնդումը» խորագրով նախարարական հանդիպմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է այն բազմաթիվ գլոբալ մարտահրավերներին, որոնց բախվում են լեռնային էկոհամակարգերը, և ընդգծել լեռնային տարածաշրջանների կենսական կարևորությունը համաշխարհային կայունության, դիմակայունության, կլիմայի գործողությունների և կայուն զարգացման ապահովման հարցերում: Ընդգծվել է շրջակա միջավայրի հարցերին առնչվող գլոբալ քննարկումներում լեռնային երկրների կարիքների և առաջնահերթությունների ինտեգրման անհրաժեշտությունը։

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ կլիմայի փոփոխությունն ու բնական աղետները սահմաններ չեն ճանաչում և շեշտել է անդրսահմանային համագործակցության անհրաժեշտությունը՝ վստահության ամրապնդման, ռեսուրսների շուրջ լարվածության կանխարգելման, ինչպես նաև լեռնային համայնքների դիմակայունության և անվտանգության ամրապնդման տեսանկյունից։

Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ համաձայն որի նույնիսկ ճգնաժամերի և լարվածության պայմաններում անհրաժեշտ է շարունակել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ հասցեագրելու այնպիսի ընդհանուր մարտահրավերներ, ինչպիսիք են անտառային հրդեհները, ջրհեղեղները և ծայրահեղ եղանակային երևույթները։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին՝ ներկայացնելով ՀՀ տեսլականը և առաջնայնությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում