«Երևանյան բեսթսելեր». «Շանտարամը» առաջատար. թարգմանական. փետրվար, 2026

11 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է փետրվարի վաճառքների հիման վրա:

Գրեգորի Դեյվիդ Ռոբերթսի «Շանտարամ»-ն առաջին հորիզոնականում է։ «Նայելով շուրջս եւ ունկնդրելով հետնախորշերի բոլոր կողմերից վեր ելնող շնչառությունը, ծիծաղն ու անզիջում երաժշտությունը՝ հիշեցի Խադերբհայի սիրած արտահայտություններից մեկը, որը նա հաճախ էր կրկնում. «Մարդկային սրտի յուրաքանչյուր զարկ հնարավորությունների մի ամբողջ տիեզերք է...»: Եվ կարծես հիմա ես լիովին ըմբռնեցի այդ արտահայտության բուն իմաստը: Նա ուզում էր ասել, որ յուրաքանչյուր մարդ ի զորու է փոխել իր ճակատագիրը: Ես միշտ համարել եմ, որ ճակատագիրն ի ծնե է տրվում, որ այն անփոփոխ է, ինչպես աստղային շրջապտույտը, բայց, ի վերջո, հասկացա, որ կյանքն իրականում շատ ավելի խորհրդավոր ու գեղեցիկ է, եւ Ճշմարտությունն այն է, որ ինչ հանգամանքներում էլ հայտնվես, որքան էլ երջանիկ կամ դժբախտ լինես, սիրով լի մեկ մտքով կամ արարքով կարող ես ամբողջովին փոխել կյանքդ»:

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

Մարիա Քորելլիի «Սատանայի վիշտը» երրորդ տեղում է։ Աղքատության և անհայտության մեջ ապրող երիտասարդ գրող Ջեֆրի Թեմփսթը ակամայից հոգին վաճառում է Սատանային և նրանից ստանում այն ամենը, ինչի մասին միայն երազում էր: Կամ՝ գրեթե ամեն ինչ: Ակամայից, քանի որ, չիմանալով, թե ով է իրականում թաքնված, ինչպես ինքն է ասում, իր լավագույն ընկերոջ կերպարի հետևում, որի հետ ծանոթացել էր իր կյանքի, հավանաբար, ամենաառեղծվածային և անակնկալներով լի օրը, նրան համարում է իր փոփոխական բախտի ամենահրաշալի պարգևներից մեկը։ Այժմ աշխարհիկ հասարակությունը, որը նախկինում անտեսում էր նրան, նրա ոտքերի առաջ էր: Արդեն միլիոնատեր Ջեֆրի Թեմփսթը վայելում էր այն ամենը, ինչը կարելի էր գնել փողով, երերուն հասարակական դիրք, քծնող ծառաների և սպասավորների ներկայություն, շինծու գրական փառք, արհամարհանք և դավաճանություն՝ քողարկված թվացյալ սիրո ներքո... Ու եթե առաջինների ոչ իրական լինելու փաստը նա գիտակցում էր, սիրո հարցում նրան վիճակված էր առերեսվել այն պարզ աքսիոմի հետ, որ իրական սերը չի վաճառվում: Գիրքը հրատարակվել է 1895 թվականին և դարձել վիկտորիանական Անգլիայի պատմության մեջ ամենամեծ բեսթսելլերը: Թեև գրեթե բոլոր քննադատները նշել են գրքի գրական անկատարության մասին, ստեղծագործության պաշտպանությամբ հանդես է եկել Օսկար Ուայլդը, ինչն իրականում զարմանալի չէ, գրքի առաջին մասում Ջեֆրի Թեմփսթի ուղին մեծապես կրկնում է նրա Դորիան Գրեյի բարոյական անկումը։

Չորրորդ տեղում է Ֆրեդրիկ Բաքմանի «Ուվե անունով մարդը»։ Վեպի առանցքում 59-ամյա Ուվեն է՝միայնակ մարդ, որը մշտապես դժգոհ է բոլորից ու ամեն ինչից։ Նա անկեղծորեն հավատում է, որ իր շուրջ միայն ապիկարներ են։ Հարևանների համար նա բոլորին մշտապես նախատող, անտանելի ծերուկ է։ Կնոջ մահից հետո միայնակ մնացած Ուվեն պարբերաբար փորձում է ինքնասպան լինել։ Բայց դա չի հաջողվում, քանի որ նրա նոր հարևաններն իր օգնության կարիքն ունեն։ Ընթերցողն աստիճանաբար բացահայտում է գլխավոր հերոսին ու հասկանում, որ ամեն ինչ միայն սև-սպիտակ չէ։ Դյուրաբորբոք Ուվեն իրականում մեծ սիրտ ունի, բայց մռայլ է, քանի որ ծանր փորձությունների միջով է անցել։ Թարգմանությունը՝ Աշխեն Բախչինյանի։

Տոշիկազու Կավագուչիի «Նախքան սուրճը կսառի» հինգերորդ տեղում է։  Տոկիոյի մի գողտրիկ սրճարան, որտեղ անչափ համեղ սուրճ են մատուցում, իր այցելուներին հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ։ Սրճարանն ունի իր կանոնները, որոնցից ամենախիստն այսպիսին է. «Պետք է խմես սուրճը նախքան այն կսառի», որպեսզի ճիշտ ժամանակին վերադառնաս ներկա, այլապես...

Վեցերորդ տեղում է Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը։ 44-օրյա պատերազմը փոխեց հայկական իրականությունը։ Պարզ էր, որ 2020-ից հետո ամեն ինչ նախկինի պես չի լինելու։ Բայց մի բան է, երբ մենք ենք դրա մասին խոսում, գրքեր գրում՝ մեկ այլ բան, երբ այսքան կարևոր թեմայի անդրադառնում են այլազգի գրողները։ Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը գեղարվեստական ստեղծագործություն է, որի առանցքում 44-օրյա պատերազմն է։ Վեպ, որտեղ կգտնեք հուզիչ սիրային պատմություն, տաքուկ մարդկային հարաբերություններ, բայց նաև  պատերազմի դաժան իրականություն, որը անտարբեր ոչ ոքի չի թողնի։ Գրքում պատմվում է Մոսկվայում բնակվող ընկերների մասին։ Նրանցից երկուսը հայ են, մեկը վրացի, մյուսն էլ ադրբեջանցի։ Ընկերներից մեկը Մարատը 44-օրյա պատերազմի օրերին հայտնվում է Արցախում։ Թարգմանությունը՝ Նորայր Ենգիբարյանի։

Միխայիլ Բուլգակովի  «Վարպետը և Մարգարիտան» յոթերորդ տեղում է։ «Վարպետը և Մարգարիտան» Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին, պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում: Թարգմանությունը ռուսերենից՝ Լեռնիկ Դալլաքյանի։

Ալբեր Կամյուի «Օտարը» վեպը ութերորդ տեղում է: 1942 թվականին լույս տեսած իր առաջին՝ «Օտարը» վեպում Ալբեր Կամյուն գեղարվեստականորեն առարկայացնում է աբսուրդի և էքզիստենցիալիզմի փիլիսոփայության վերաբերյալ իր հայացքները: Այդ հայացքները մարմնավորող վեպի գլխավոր հերոսի գլխավոր առանձնահատկությունը կեղծավորության ու ստի հանդեպ ատելությունն է, հավակնությունների գրեթե բացակայությունը, անգամ, եթե այդ ամենը հակասում է սեփական շահերին: Թարգմանությունը՝ Աննա Հակոբյանի:

Աննա Ջեյնի «Երկրպագուն» գիրքը իններորդ տեղում է։ Անգելինա Լանսկայային ամեն օր ծաղիկներ են ուղարկում: Ծաղիկները միշտ զույգ թվով են: Անգելինան գաղափար անգամ չունի, թե ով է ուղարկում դրանք: Խորհրդավոր երկրպագուն փորձում է խենթացնել աղջկան, խաղում է նրա հետ, անընդհատ վախի մեջ պահում ու կախվածություն առաջացնում: Երկրպագուն լավ գիտի, թե ոնց Անգելինային իր թակարդը գցի: Անգելինա Լանսկայան՝ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհին, առաջին հայացքից անմեղ հրեշտակ է թվում, բայց այդ անմեղության տակ շատ գաղտնիքներ կան թաքնված: Նա չի հիշում մանկությունը, գիշերները տանջվում է մղձավանջներից ու անընդհատ պայքարի մեջ է իր ներսի դևի հետ: Անգելինան իդեալական թեկնածու է «Լեգեոն» անունով փակ ակումբի համար: Բայց ու՞մ դերում: Զոհի՞, թե՞ մարդասպանի: Սե՞ր, թե՞ մահ: Ի՞նչն է հաղթելու: Արյունոտ խաղադրույքները արված են:

Տասներորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
1նոր

Գրեգորի Դեյվիդ Ռոբերթս,

 «Շանտարամ», 

Դավինչի

Բուկինիստ

204
2*

Պաուլու Կոելյու,

 «Ալքիմիկոսը»

Անտարես201
3+1

Մարիա Քորելլի,

 «Սատանայի վիշտը»

Բաբելոն184
4*

Ֆրեդրիկ Բաքման,

 «Ուվե անունով մարդը»

Newmag176
5-4

Տոշիկազու Կավագուչի,

«Նախքան սուրճը կսառի» 

Դավինչի162
6+4

Գամիդ Ամիրով,

 «Արցունքներ դրախտում»

Բուկինիստ162
7*

Միխայիլ Բուլգակով,

«Վարպետը և Մարգարիտան» 

Անտարես154
8*

Ալբեր Կամյու,

 «Օտարը»

Անտարես134
90

Աննա Ջեյն,

 «Երկրպագուն»

Բուքփրայզ114
10-3

Էլիզաբեթ Գիլբերթ,

 «Ուտել, աղոթել, սիրել»

Զանգակ105
Հայերեն Русский

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին