Հայաստան

Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ. CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանային վարժանք կանցկացնի

2 րոպեի ընթերցում

Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ. CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանային վարժանք կանցկացնի

Հայաստանի Հանրապետության և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) համագործակցության շրջանակում՝ օգոստոսի 3-7-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում կանցկացվի Արևելյան երկրների համար նախատեսված տարածաշրջանային National Data Center (NDС) աշխատաժողով և սիմուլյացիոն վարժանք՝ նվիրված CTBTO տեխնոլոգիաներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր ներգրավվածությունը միջազգային անվտանգության և գիտատեխնոլոգիական համագործակցության ոլորտներում՝ դառնալով կարևոր հարթակ տարածաշրջանային  նախաձեռնությունների իրականացման համար։

Գերատեսչությունից նշում են, որ նախաձեռնությունն աննախադեպ է, քանի որ նման մասշտաբի աշխատաժողով առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում։

Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 25 ներկայացուցիչներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից՝ ապահովելով մասնագիտական ակտիվ քննարկումներ և փորձի փոխանակում։ Աշխատաժողովի ընթացքում CTBTO-ի փորձագետները կներկայացնեն կազմակերպության նորարարական տեխնոլոգիաներն ու լուծումները։

Մասնակցության համար գրանցումն արդեն բաց է CTBTO-ի պաշտոնական կայքում։

Ավելի վաղ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել էր CTBTO գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի գլխավորած պատվիրակությանը և  պատրաստակամություն հայտնել ամրապնդելու այս համագործակցությունը։ Ռոբերտ Ֆլոյդը դրական էր գնահատել ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատանքը՝ ընդգծելով Գառնիի սեյսմիկ կայանի տրամադրած ճշգրիտ տվյալների կարևորությունը, ինչը թույլ  է տալիս կանխել միջուկային փորձարկումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը, ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։

 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում