Հայաստան

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1.2 տարեկան երեխայի վիճակում դրական տեղաշարժ կա. նախարար

2 րոպեի ընթերցում

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1.2 տարեկան երեխայի վիճակում դրական տեղաշարժ կա. նախարար

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն ընդունված 1.2 տարեկան երեխայի վիճակում դրական տեղաշարժ կա, գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ես ամեն օր նրա առողջական վիճակի մասին հետաքրքրվում եմ: Ունենք դրական տեղաշարժ, բժիշկների հսկողության տակ է»,-ասաց նախարարը:

Ավանեսյանն իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց բժշկական անձնակազմին, որոնք իրենց պրոֆեսիոնալ և ճշգրիտ աշխատանքի շնորհիվ փրկել են երեխայի կյանքը:

Նախարարն այլ մանրամասներ չներկայացրեց:

Մարտի 16-ին հայտնի էր դարձել, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1.2 տարեկան տղա երեխա։ Բժիշկներին հաջողվել էր վերականգնել երեխայի սրտի աշխատանքը, սակայն նրա վիճակը շարունակում էր մնալ ծանր:

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:  

ՀՀ դատախազությունից հայտնել են, որ երեխան պարբերաբար բռնության է ենթարկվել իր հոր երկրորդ կնոջ կողմից, իսկ մարտի 15-ին կինը երեխայի նկատմամբ սպանության փորձ է իրականացրել։ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սպանության փորձ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում