ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարծում է, որ ցանկացած ռազմավարության իրագործում կլինի արդյունավետ, եթե ապահովվի ժողովրդավարության տարրը
5 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը չի կիսում այն տեսակետը, որ Հայաստանում բոլոր ոլորտային ռազմավարությունները մնում են թղթի վրա և արդյունավետորեն չեն իրագործվում կյանքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը նա հայտնեց Հանրային ոլորտի նորարարության 3-րդ երևանյան միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ։
«Շատ կարևոր է ռազմավարությունների մշակման գործում շահառուների բարձր մասնակցայնությունը, ինչը Հայաստանում բարեբախտաբար ապահովվում է։ Եթե խոսքը վերաբերում է կրթության ոլորտի ռազմավարությանը, ապա բոլոր շահառուներն այս կամ այն կերպ ներգրավվում են տվյալ գործընթացում։ Ընդ որում՝ էական չէ, թե որ խմբի կարծիքը կլինի գերակշռող, կարևոր է, որ մարդիկ հավատան մասնակցության արժեքին և գիտակցեն, որ թափանցիկ մասնակցության շնորհիվ կստանան բյուրեղացված փաստաթուղթ»,- ասաց Մարտիրոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ երկրորդ գործոնը կապված է ռազմավարությունների որակի հետ։ ԿԳՄՍ նախարարությունն արդեն իսկ մշակել է մինչև 2030 թվականի ոլորտային ռազմավարությունը, որի նպատակային դրույթները շարադրված են մեկ փաստաթղթով։ Դա միակ ոլորտային ռազմավարությունն է, որն ընդունվում է Ազգային ժողովի կողմից, այսինքն՝ ապաքաղաքական փաստաթուղթ է։
«Նախկին և ներկա ռազմավարությունների միջև տարբերությունը չի առնչվում միայն հավակնոտ նպատակներին կամ բազմապատիկ ֆինանսավորմանը, որ կառավարությունն ուղղում է կրթության բնագավառին։ Նոր ռազմավարությունն ընդգրկելով ավելի հստակ ցուցիչներ՝ դառնում է ավելի ընկալելի և ժամանակային կտրվածքով չափելի, այն է՝ արդյունքամետ։ Մյուս կարևոր բաղադրիչը վերաբերում է մարդկային գործոնին՝ սկսած նախարարության ղեկավար կազմից, ռազմավարության մշակման գործում ներգրավված աշխատակիցների ներկայությունից, վերջացրած շահառուներով»,- նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Որպես հաջողված փաստաթղթեր՝ Մարտիրոսյանը վկայակոչեց երիտասարդության և մշակույթի ոլորտներին առնչվող ռազմավարությունները։
«Շատ էական է նաև, որ կոնկրետ ոլորտի բոլոր կարևոր դերակատարները մասնակցեն գործընթացին։ Ցանկացած ռազմավարություն իրագործման առումով կլինի արդյունավետ, եթե դրա մեջ ապահովվի ժողովրդավարության տարրը։ Դա ենթադրում է, որ որոշումների կայացման գործընթացն պետք է ունենա կոնկրետ դերակատարներ, այդ թվում՝ ի դեմս քաղհասարակության։ Եթե գրվի ամենաչքնաղ ռազմավարությունը, ներգրավվեն միջազգային լավ փորձագետներն ու հաշվի առնվեն ամենաարդիական չափորոշիչները, կառավարությունն էլ դրսևորի քաղաքական կամք և հատկացնի գումարներ, միևնույն է, ռազմավարությունը չի հաջողի, եթե դրան չհետևեն շահառուները»,- ասաց Մարտիրոսյանը։
Նախարարի տեղակալը հիշեցրեց, որ «Կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումից առաջ փաստաթուղթն անցավ բազմակողմանի քննարկումների միջով, սակայն Մարտիրոսյանն անդրադարձավ ևս մեկ երևույթի, որը պակաս կարևոր չէ։
«Մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ այս կամ այն ռազմավարական փաստաթղթի նախագծի վերաբերյալ, ցավոք, ստացվում են շատ սահմանափակ թվով առաջարկություններ։ Դրա փոխարեն՝ քննադատությունների պակաս չկա։ Դա նույնպես պետք է լինի, սակայն ավելի կարևոր է, որ համարժեք առաջարկություններ լինեն, առավել ևս, որ ԿԳՄՍ նախարարությունը բաց է համագործակցության համար։ Շատ հաճախ թվում է, թե գաղափարի կրողը չկա։ Մարդիկ, ասես, վախենում են սխալվելուց, պատասխանատվություն ստանձնելուց։ Մենք ավելի շատ ներգրավված ենք օպերատիվ մենեջմենթի մեջ, որպեսզի գործընթացներն առաջ տանենք, և հաշվետու տարվա ֆինանսական ռեսուրսն ուղղորդեցինք ավելի մեծ թվով մարդկանց կողմից հավանության արժանացած ծրագրերի իրականացմանը։ Բազային երկխոսության միջոցով որոշման գալու և այդ որոշումը հարգելու հանգամանքն ունի կենսական նշանակություն։ Մենք պետք է լծվենք կայացված որոշումները կյանքի կոչելուն, որոնք հանրային բարիք են ստեղծելու»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։