Ներդրվել է մի համակարգ, որը կարճաժամկետ գործողություններով թույլ է տալիս հասնել երկարաժամկետ նպատակների․ ֆինանսների նախարար
5 րոպեի ընթերցում

Ֆինանսների նախարարությունն այժմ շատ ակտիվ մասնակցություն ունի ոլորտային ռազմավարությունների իրականացման կամ ծրագրավորման գործընթացներում և հենց այդ նպատակով իրականացրել է կառուցվածքային փոփոխություններ, որպեսզի բյուջետային բլոկում աշխատող մարդիկ ունենան առանձին ոլորտների մասնագիտացում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ երևանյան միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պետք է կերտել առաքելահեն կառավարում ապագային պատրաստ Հայաստանի համար, նախարարն ընդգծեց, որ թեև խանգարող հանգամանքները շատ են, սակայն ամենակարևոր գործոնը պատասխանատու անձանց հավատն է իրենց կազմած ոլորտային ռազմավարությունների նկատմամբ։
«Շատ կարևոր է ունենալ երկարաժամկետ պլանավորման հեռանկար և իմանալ նպատակին հասնելու եղանակը։ Առաջ շարժվելու համար պետք է լուծել հենց այս հարցը և դա անել հնարավորիս մեծ արագությամբ։ Մենք նախարարությունում ներդրել ենք մի համակարգ, որը կարճաժամկետ գործողություններով թույլ է տալիս հասնել երկարաժամկետ նպատակների իրականացմանը։ Ֆինանսների նախարարությունը հիմնականում զբաղված է ֆինանսավարկային և բյուջետային քաղաքականության մշակմամբ, որի իրականացնողներն արդեն կարող են տեսնել կոնկրետ արդյունքներ։ Մեր ներդրված համակարգի միջոցով փորձում ենք եռամսյա ցիկլերով ցույց տալ այդ արդյունքները, և այդ կերպ նախարարության աշխատակիցները նույնպես տեսնում են իրենց աշխատանքի արդյունքը եռամսյա պարբերականությամբ։ Դա բնականաբար մեծացնում է մեր առաքելության զգացումը»,- ասաց Հովհաննիսյանը։
Նախարարը հավելեց, որ պետական կառավարման համակարգի խնդիրներից մեկն այն է, որ այսօր չկա բոլորի համար շատ հստակ ձևակերպված առաքելության բաղադրիչը։
«Մինչդեռ մենք ֆինանսների նախարարության բոլոր ստորաբաժանումների համար ձևակերպել ենք կոնկրետ հանձնառություններ, որոնք կապ ունեն վերջնարդյունքի կամ որակյալ ծառայությունների մատուցման հետ։ Եթե խոսենք ռազմավարությունների և իրական կյանքի մասին, ապա կարող եմ ասել, որ մշակման փուլում ունենք մի շատ կարևոր ստորաբաժանում, որը կոչվում է բյուջետային վարչություն։ Այդ ստորաբաժանումը զբաղվելու է բյուջետային կարգապահությամբ և ֆիսկալ կայունությունն ապահովելու նախարարության առաքելության իրականացմամբ։ Քննարկումների ժամանակ եկանք այն եզրահանգման, որ բյուջետային վարչությունը պետք է գոյություն ունենա նրա համար, որպեսզի ռազմավարությունները ֆինանսավորվեն»,- ասաց Հովհաննիսյանը
Նրա դիտարկմամբ՝ դա ամբողջությամբ փոխում է այն մտայնությունը, որն ի սկզբանե պետք է ունենար հիշյալ վարչությունը, ինչը նշանակում է, որ վարչության աշխատակիցներն այսուհետ պետք է ակտիվորեն ներգրավված լինեն ոլորտային ռազմավարությունների ձևակերպման աշխատանքներում, որպեսզի պետական մարմիններին հայտնեն, թե այդ ռազմավարություններն ինչպես կարող են ֆինանսավորվել։ Հակառակ պարագայում ռազմավարությունները կմնան թղթի վրա։
Ֆինանսների նախարարությունը գիտակցում է, որ ֆինանսավորման մեխանիզմն էական նշանակություն ունի արդյունավետ աշխատանքի համար։
«Նախարարությունն առանձին ոլորտներում պետք է խորհուրդ տա, թե ինչպես պետք է ֆինանսավորել, որպեսզի նախանշված նպատակներն իրականացվեն։ Նախարարության կողմից ներդրված համակարգը գնահատում է ոչ այնքան ռեֆորմները, որքան ծառայությունների մատուցման մակարդակը։ Մեր ծառայությունը կարող է լինել, օրինակ, ֆիսկալ կայունության ապահովումը, պարտքի արդյունավետ կառավարումը և այլն։ Ըստ այդմ՝ ռեֆորմների իրականացումը նպատակ ունի այդ ծառայությունների որակը բարելավել։ Շատ խնդիրներ ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ մարդիկ չեն կարողանում տարբերել այս երկու բաղադրիչները։ Անշուշտ, կարելի է գրել ռեֆորմներ, բայց միշտ չէ, որ դրանք կարող են դրական ազդեցություն ունենալ ծառայությունների քանակի և որակի վրա, հետևաբար պետական համակարգում պետք է իրականացվի մտածողության շատ էական փոփոխություն»,- նշեց ՀՀ ֆինանսների նախարարը։