2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան․ ՆԳ նախարար
1 րոպեի ընթերցում

2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ընդհանուր 768 կիլոգրամ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ դա իրավապահ համակարգի կայուն համագործակցության և ՆԳ նախարարության որդեգրած ռազմավարական մոտեցման փոփոխության արդյունքն է։
«Մենք կենտրոնացել ենք ներմուծման խոշոր խմբաքանակների, արտադրության գործընթացների և շղթաների բացահայտման վրա։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում կարևոր է համակարգային ազդեցությունը։ Մեծ խմբաքանակների վրա ռեսուրսների կենտրոնացումը թույլ է տալիս ՀՀ հասարակության համար ապահովել առավել կայուն արդյունքներ»,- նշել է ՆԳ նախարարը: