Հայաստան

Փրկարար ծառայությունը հրդեհաշիջման հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել առևտրաժամանցային կենտրոններից մեկում

2 րոպեի ընթերցում

Փրկարար ծառայությունը հրդեհաշիջման հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել առևտրաժամանցային կենտրոններից մեկում

Կոտայքի մարզի առևտրաժամանցային կենտրոններից մեկում անցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը առևտրաժամանցային կենտրոնում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Միջոցառումն իրականացրել է ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումը։ 

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունը։ 

Ուսումնավարժության շրջանակներում մոդելավորվել է կենդանի սցենար. ազդարարման համակարգի և բարձրախոսի միջոցով հնչել է «Հրդեհ» ազդանշան, որին հաջորդել է կենտրոնի աշխատակիցների և այցելուների անհապաղ տարհանումը անվտանգ գոտի։

Փրկարարական խմբերն անմիջապես անցել են հետախուզական փուլին՝ պարզելով հրդեհի օջախը, կրակի տարածման ուղիները, վտանգված անձանց գտնվելու վայրերն ու փրկման հնարավոր երթուղիները, ինչպես նաև թունավոր և դյուրավառ նյութերի առկայությունը։ Հետախուզությանը զուգընթաց կատարվել է մարտական բացազատում։

Ուսումնավարժության առանձնահատուկ տարրը փրկարարների գործողություններն էին բարձրահարկ ծխապատ գոտում. տանիքում հայտնաբերված պայմանական տուժածները դուրս են բերվել ավտոսանդուղքի և պարանների միջոցով, որից հետո բժշկական օղակն անմիջապես ցուցաբերել է առաջին օգնություն։

Ուսումնավարժության ավարտին անցկացվել է մանրամասն ամփոփում ինչպես մասնակից անձնակազմի, այնպես էլ կենտրոնի ղեկավար կազմի հետ։ Ստորաբաժանման առջև դրված բոլոր խնդիրները գնահատվել են որպես կատարված, իսկ ուսումնավարժությունն ամբողջությամբ արժանացել է «լավ» գնահատականի։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում