Քաղաքականություն

ԵՄ-ն Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համահունչ պատրաստ է ներդրումների

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համահունչ պատրաստ է ներդրումների

Եվրոպական միությունը վճռական է ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ և վերահաստատում է հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության խթանման նկատմամբ։ Այս մասին հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում:

«Հայաստան իմ առաջին այցը, և, վստահ եմ, ոչ վերջինը, տեղի է ունենում 2026 թվականի մայիսին նախատեսված Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ։ Այն ընդգծում է Եվրոպական միության վճռականությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ և վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության խթանման նկատմամբ։ Դրա կարևոր բաղադրիչներից է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը։ Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդուղիների զարգացմանը նպաստող ներդրումների միջոցով՝ համահունչ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»,-նշեց Բրունները։

Համագործակցությունն աճում է նաև տնտեսական գործնական ոլորտներում։ ԵՄ-ն և Հայաստանը իրականացնում են 270 միլիոն եվրո արժողությամբ Դիմակայունության և աճի ծրագիրը, որն աջակցում է բարեփոխումներին և նպաստում Հայաստանի տնտեսության ու դիմակայունության ամրապնդմանը։

««Global Gateway» նախաձեռնության շրջանակում մենք նաև ուսումնասիրում ենք տարածաշրջանային կապուղիների, տնտեսական դիվերսիֆիկացման, թվային և կանաչ փոխակերպումների, էներգետիկ անվտանգության և կլիմայի շուրջ համագործակցության ոլորտներում լրացուցիչ ներդրումների հնարավորությունները։ Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք ընդլայնել Հայաստանի առևտրային հնարավորությունները և օգնել հայկական բիզնեսին ավելի արդյունավետ օգտվել շուրջ 450 միլիոն սպառող ունեցող ԵՄ շուկայի հասանելիությունից։ Սա կարող է նոր հնարավորություններ բացել հայկական արտահանումների, ներդրումների և տնտեսական աճի համար»,-ընդգծեց ԵՄ հանձնակատարը։

Նա Հայաստան է ժամանել մարտի 12-ին: Հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ, մասնակցել «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» խորագրով քննարկմանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում