Իրան

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում «սպասում է» ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին

2 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում «սպասում է» ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին

Հորմուզի նեղուցը պաշտպանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Ալի Մոհամադ Նայինին ընդգծել է, որ իրանցի զինվորականներն այնտեղ սպասում են ամերիկյան նավատորմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

«Իրանի Հանրապետության զինված ուժերն անհամբերությամբ ամերիկյան ռազմածովային նավատորմին են սպասում Հորմուզի նեղուցի շրջանում, նաև սպասում են «Ջերալդ Ֆորդ» ավիակրին», - ասել է Նայինին:

Նրա խոսքով՝ «ամերիկյան նավերը և բոլոր կործանիչները…. տեղակայված են ավելի քան 1000 կիլոմետր հեռավորության վրա, որպեսզի պաշտպանվեն իրանական հզոր հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից»։

Նայինին նաև նախազգուշացրել է, որ եթե ամերիկա-իսրայելական հարվածները շարունակվեն, ապա Իրանը «թույլ չի տա ոչ մի լիտր նավթ արտահանել տարածաշրջանից»։

Լույս մարտի 10-ի գիշերը տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոստացել է, որ Հորմուզի նեղուցը «կմնա անվտանգ»։ Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ ռազմածովային ուժերը կուղեկցեն նեղուցով անցնող լցանավերին։ ԱՄՆ նախագահն Իրանին սպառնացել է քսան անգամ ավելի հզոր հարվածներով, եթե նեղուցով նավթի փոխադրումը խոչընդոտվի։

Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի կարևորագույն ծովային առևտրային ուղիներից մեկը և հանգուցային է նավթի տարանցման համար։ Նավթի համաշխարհային մատակարարումների մոտավորապես մեկ հինգերորդն անցնում է այդ նեղուցով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում