Պուտինը և Թրամփը 11-րդ հեռախոսազրույցն են անցկացրել
3 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շուրջ 1 ժամ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միջազգային ներկա իրադրության շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Շեշտը, բնականաբար, դրվել է Իրանի հետ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի և ուկրաինական կարգավորմանն ուղղված եռակողմ բանակցությունների վրա, որոնք անցկացվում են ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ», - Ուշակովի խոսքերն է մեջբերում Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նա Պուտին-Թրամփ զրույցն անվանել է «գործնական, բաց և կառուցողական»։
Պուտինը Թրամփին մի շարք դիտարկումներ է արել՝ ուղղված Իրանի շուրջ հակամարտության քաղաքական-դիվանագիտական արագ լուծմանը, այդ թվում՝ հաշվի առնելով Պարսից ծոցի երկրների ղեկավարների, Իրանի նախագահի և այլ երկրների ղեկավարների հետ շփումների արդյունքները։
Թրամփն իր հերթին իր գնահատականն է տվել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողության վերաբերյալ։
Ըստ Ուշակովի՝ ԱՄՆ նախագահը նաև շահագրգռվածություն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարով՝ տևական կարգավորման հասնելու նպատակով։ ՌԴ նախագահը նշել է, որ առաջնագծում ռուսական զորքերը հաջողությամբ առաջ են գնում, հետևաբար, ուկրաինական կողմը պետք է ձգտի հակամարտության բանակցային կարգավորման։
Կողմերը քննարկել են նաև Վենեսուելայի շուրջ իրավիճակը, մասնավորապես՝ նավթի համաշխարհային շուկայում իրադրության համատեքստում։
Վերջին անգամ երկու ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել 2025 թ. դեկտեմբերին։
Դոնալդ Թրամփն իր հերթին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ «լավ զրույց» է անցկացրել։ Նա նշել է, որ Ուկրաինայի թեմայի շուրջ զրույցը «դրական» է եղել։
Թրամփը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահը պատրաստակամություն է հայտնել օգնել մերձավորարևելյան ճգնաժամի լուծման հարցում։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ ավելի կարևոր է, որ Մոսկվան զբաղվի ոչ թե իրանական հակամարտությամբ, այլ՝ ուկրաինական։
ՏԱՍՍ-ն իր հերթին հաղորդում է, որ 2025 թ. սկզբին Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո սա ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև 11-րդ հեռախոսազրույցն էր։