ՆԳ փոխնախարարը շահագրգիռ կազմակերպությունների հետ քննարկել է հաշվառման-քննական ընթացակարգերի բարելավման հարցը
2 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորությաբ ՆԳՆ Երևանի հաշվառման-քննական բաժնում տեղի է ունեցել հանրային քննարկում հաշվառման-քննական ընթացակարգերի բարելավման շուրջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ օրակարգում երկարաժամկետ լուծումների և ընթացիկ խնդիրների քննարկումն էր, որի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի մասնակի արտապատվիրակման հարցին։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը կարևորելով նման ձևաչափով քննարկումներն ու մասնագիտական կարծիքների փոխանակումը՝ ընդգծել է, որ ոլորտում համակարգային բարեփոխումների ամբողջական իրականացումը հնարավոր է միայն պետական կառույցների և մասնավոր հատվածի կառուցողական համագործակցության պայմաններում։
Անդրադարձ է կատարվել նաև ապագա վարորդների պատրաստման ուղղությամբ հանրակրթական դպրոցներում կրթական ծրագրի ներդրման, ավտոդպրոցների նվազագույն տեխնիկական պահանջների, ավտոմեքենաների համալրվածության և ոլորտին առնչվող այլ հարցերի։
Գերատեսչությունից նշում են, որ մասնակցում էին Պարեկային ծառայության, Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության և ավտոդպրոցների ներկայացուցիչներ։