Անտոնիու Ժոզե Սեգուրուն ստանձնել է Պորտուգալիայի նախագահի պաշտոնը
1 րոպեի ընթերցում

Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Անտոնիու Ժոզե Սեգուրուն երդում է տվել որպես երկրի նոր նախագահ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Սեգուրուն այդ պաշտոնում փոխարինել է Մարսելու Ռեբելու դի Սոուզային, որը Պորտուգալիայի նախագահ է դարձել 2016 թվականին և վերընտրվել՝ 2021 թվականին:
Նախագահական ընտրությունները Պորտուգալիայում տեղի են ունեցել երկու փուլով: Երկրորդ փուլի արդյունքներով Սոցիալիստական կուսակցության նախկին գլխավոր քարտուղարը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 66%-ը:
Պորտուգալիայի նախագահը, որը պետության ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության երաշխավորն է, բավականին լայն լիազորություններ ունի, սակայն երբեմն դրանք սահմանափակվում են միայն ներկայացուցչական պարտականություններով: Նա նաև երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է և նշանակում է վարչապետ՝ հաշվի առնելով ընտրությունների արդյունքները: Նախագահը նաև իրավունք ունի արձակելու Հանրապետության ժողովը (միապալատ խորհրդարանը), վետո դնելու օրենքների վրա և ներում շնորհելու բանտարկյալներին: