Քաղաքականություն

Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը

Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի նախագահությամբ մարտի 9-ին մեկնարկել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանը, որը թմրամիջոցների հարցերով միջազգային գլխավոր և ամենահեղինակավոր միջոցառումն է։

Հնգօրյա նստաշրջանին մասնակցում են ավելի քան 2000 պատվիրակներ՝ շուրջ 130 անդամ պետություններից, հարյուրից ավել միջազգային, տարածաշրջանային և հասարակական կազմակերպություններից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, նստաշրջանի ընթացքում թմրամիջոցների համաշխարհային խնդրի, դրա հասցեագրմանն ուղղված քաղաքականության և միջազգային համագործակցության շուրջ քննարկումները զուգորդվելու են ոլորտին վերաբերող կարևորագույն նորմատիվ որոշումների ընդունմամբ։

Հանձնաժողովը կքննարկի թվով հինգ բանաձևների նախագծեր, որոնց նպատակն է, մասնավորապես, խթանել ջանքերը սինթետիկ թմրամիջոցների և պրեկուրսորների վաղ կանխարգելման և վերահսկողության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև դրանց արտադրության և շրջանառության համար սարքավորումների և մատակարարման շղթաների ապօրինի շահագործման կանխարգելման ուղղությամբ, ամրապնդել հանրային առողջապահության համակարգի արձագանքները և այլընտրանքային զարգացման ծրագրերը։

Հանձնաժողովը քննության կառնի նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները թմրամիջոցների վերահսկողության միջազգային կոնվենցիաներում նոր նյութերի ներառման վերաբերյալ։

Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է նաև ավարտին հասցնել բազմաոլորտ փորձագիտական նոր խմբի ձևավորումը, որն աջակցելու է Հանձնաժողովին կոնվենցիաների կիրարկման վերանայման գործընթացում։

Նստաշրջանի ընթացքում կազմակերպվելու է շուրջ 170 հարակից միջոցառում և 24 ցուցադրություն։

Ծանոթություն. Հայաստանը ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովին առաջին անգամ անդամակցել է 2024թ.-ից: Հայաստանը Հանձնաժողովը նախագահելու է 2026թ.-ի ընթացքում։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում