Լիբանանն Իսրայելի հետ բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն է հայտնել
2 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը մարտի 9-ի առավոտյան ընդունել է Նորվեգիայի, Շվեդիայի և Դանիայի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ նրանց հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելի կողմից Բեյրութի հարավային արվարձանի, Լիբանանի հարավային շրջանների և Բեքաա հովտի վրա շարունակվող հարձակումների ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Նախագահը պնդել է, որ նման հարձակումները «չեն հասնի այն նպատակին, որին Իսրայելը ձգտում է հասնել»:
Աունը վերահաստատել է Լիբանանի լիակատար և վերջնական հանձնառությունը 2024 թ. նոյեմբերին համաձայնեցված ռազմական գործողությունների դադարեցման մասին հռչակագրի դրույթներին՝ Իսրայելի կողմից Լիբանանի ողջ տարածքի վրա հարձակումները դադարեցնելու պարտավորության դիմաց։
Նախագահը նաև հաստատել է Լիբանանի «լիակատար պատրաստակամությունը՝ վերսկսելու բանակցությունները և քննարկելու անհրաժեշտ անվտանգային կետերը՝ Իսրայելի կողմից վտանգավոր սրացումը կանխելու համար»։
Նա ընդգծել է, որ «կառավարության որոշումը զենքի մենաշնորհի վերաբերյալ կիրականացվի բանակի հրամանատարության կողմից մշակված ծրագրի համաձայն, հենց անվտանգության պայմանները թույլ տան։
Դեսպաններն իրենց երկրների համերաշխությունն են հայտնել Լիբանանին «այս կարևոր ժամանակահատվածում», ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել՝ տրամադրելու անհրաժեշտ աջակցություն, մասնավորապես՝ տեղահանված անձանց և այս հարցում պետության ջանքերին։
Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեկնարկած հակամարտության ֆոնին։ Լիբանանը հայտնել է, որ մարտի սկզբից երկրի դեմ Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 400-ը։