Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Թեհրանին և Իրանի արևմտյան նահանգներին
2 րոպեի ընթերցում

Իսրայելցի զինվորականները հայտարարել են Թեհրանի դեմ ավիահարվածների «լայնածավալ ալիք» սկսելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել իր Telegram ալիքում։
Նշվում է, որ ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցնում Թեհրանի ենթակառուցվածքներին:
Al Jazeera-ի թղթակիցն իր հերթին հաստատել է, որ Թեհրանի երկնքում հստակ լսվում են մարտական ինքնաթիռների և պայթյունների ձայներ:
Իրանական Tasnim գործակալությունը նույնպես հաղորդել է իսրայելական և ամերիկյան կործանիչների թռիչքների և մայրաքաղաքի որոշ շրջաններում պայթյունների մասին:
Թեհրանում մի շարք պայթյունների մասին է հաղորդել նաև Իրանի պետական հեռուստատեսությունը: Նրա տվյալներով՝ պայթյունները լսվել են քաղաքի արևելքի և արևմուտքի մի քանի շրջաններում:
Միևնույն ժամանակ Al Hadath հեռուստաալիքը հաղորդում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Իրանի արևմուտքին: Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ գնդակոծումների են ենթարկվել Իրանի Քերմանշահի և Քուրդիստանի նահանգները: Պատճառված վնասի վերաբերյալ տվյալներ առայժմ չկան:
Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները շարունակվում են փետրվարի 28-ից։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերին։