Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Բուլղարիայի Ազգային տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Բուլղարիայի Ազգային տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Բուլղարիայի Ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը: Միջոցառման շրջանակներում նախարարի առաջին տեղակալը հանդես է եկել շնորհավորական ուղերձով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ ՀՀ կառավարության անունից նախարարի առաջին տեղակալը շնորհավորել է Բուլղարիային՝ վերահաստատելով պատմականորեն ձևավորված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետևողական զարգացման ու ամրապնդման կարևորությունը։ Գևորգ Մանթաշյանն առանձնահատուկ շեշտադրել է քաղաքական երկխոսության ակտիվացման, բազմոլորտ համագործակցության ընդլայնման և միջմարդկային կապերի խթանման անհրաժեշտությունը։

«Վերջին տարիներին ակտիվացած բարձրաստիճան փոխայցելությունները նոր շունչ են հաղորդել մեր երկխոսությանը։ Նախորդ տարի Երևանում հյուրընկալեցինք Բուլղարիայի փոխվարչապետին և խորհրդարանի փոխնախագահին, իսկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Բուլղարիա հնարավորություն տվեց՝ որոշակի ընդմիջումից հետո, համատեղ ջանքերով գումարել հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը»,- նշել է Գևորգ Մանթաշյանը։

Այս համատեքստում նախարարի առաջին տեղակալը համոզմունք է հայտնել, որ տեխնոլոգիական նորարարության, հետազոտությունների և մշակումների ոլորտում ստորագրված համագործակցության հուշագիրը նոր որակ ու դինամիկա կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը։ Գևորգ Մանթաշյանն ընդգծել է նաև հայ-բուլղարական գործակցության բազմաշերտ բնույթը, որն ընդգրկում է ներդրումների, բարձր և նորարարական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, պաշտպանության, էներգետիկայի ու մի շարք այլ ոլորտներ։

Անդրադառնալով առաջիկա նախաձեռնություններին՝ Գևորգ Մանթաշյանը կարևորել է Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացումը, ինչը լավագույն հնարավորությունն է երկկողմ կապերի ակտիվացման համար։

Ելույթի ավարտին նախարարի առաջին տեղակալը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր մակարդակի բարձրացնել փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում