Իրան

ԱՄՆ-ն Իրանում 2000 թիրախ է խոցել. Պենտագոնը նոր մանրամասներ է ներկայացրել

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Իրանում 2000 թիրախ է խոցել. Պենտագոնը նոր մանրամասներ է ներկայացրել

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը մարտի 3-ին տեսաուղերձում հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործություններում ներգրավված է ավելի քան 50 000 զինծառայող, 200 կործանիչ և 2 ավիակիր, ինչպես նաև ռմբակոծիչներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա տեսաուղերձը հրապարակվել է X հարթակում CENTCOM-ի էջում։

«Մենք արդեն գրեթե 2000 թիրախ ենք խոցել ավելի քան 2000 զինամթերքով։ Մենք մեծ հարված ենք հասցրել Իրանի հակաօդային պաշտպանությանը և ոչնչացրել Իրանի հարյուրավոր բալիստիկ հրթիռներ, արձակման կայանքներ և անօդաչու թռչող սարքեր», - նշել է նա։

Քուփերը հավելել է, որ ամերիկյան B-2 և B-1 ռմբակոծիչները ճշգրիտ հարվածներ են հասցրել իրանական բազմաթիվ միջուկային օբյեկտների, իսկ B-52 ռմբակոծիչը հարվածել է բալիստիկ հրթիռների ծրագրի հետ կապված հրամանատարական և վերահսկողական դիրքեր։

Քուփերը հավելել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է իրանական 17 նավ, ինչպես նաև վնասել է իրանական սուզանավ։

«Այսօրվա դրությամբ Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում կամ Օմանի ծոցում ոչ մի իրանական նավ չկա, և մենք  կանգ չենք առնի։ Մենք կշարունակենք իրականացնել դինամիկ թիրախավորման գործողությունները», - հայտարարել է Քուփերը։

Նրա խոսքով՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման՝ Իրանը 500-ից ավելի բալիստիկ հրթիռ և ավելի քան 2000 անօդաչու թռչող սարք է արձակել։

«Մենք տեսնում ենք, որ մեզ և մեր գործընկերներին հարվածներ հասցնելու՝ Իրանի  հնարավորությունները կրճատվում են, միևնույն ժամանակ մեր մարտական ​​ներուժն աճում է։ Իմ ընդհանուր գործառնական գնահատականն այն է, որ մենք առաջ ենք ընկել մեր ծրագրից», - հավաստիացրել է ծովակալն իր ելույթում:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում