Տնտեսություն

Բանկային համակարգը ոչ միայն տնտեսական ակտիվության շարժիչ ուժ է, այլև սոցիալական պատասխանատվություն կրող գործընկեր. Երևանի քաղաքապետ

2 րոպեի ընթերցում

Բանկային համակարգը ոչ միայն տնտեսական ակտիվության շարժիչ ուժ է, այլև սոցիալական պատասխանատվություն կրող գործընկեր. Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայաստանի բանկերի ղեկավարներին է ներկայացրել մայրաքաղաքի քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, կարևորելով համայնք-մասնավոր գործակցության հաստատումն ու զարգացումը՝  Տիգրան Ավինյանը նշել է, որ բանկային համակարգը ոչ միայն տնտեսական ակտիվության շարժիչ ուժ է, այլև սոցիալական պատասխանատվություն կրող գործընկեր:  

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել թաղամասերի վերակառուցման, բնակելի համալիրների կառուցման ու քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված տարբեր նախագծերի: Քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ արդյունավետ համագործակցությունը հնարավորություն է տալիս համադրել համայնքային առաջնահերթություններն ու մասնավոր հատվածի ներուժը՝ իրագործելով ենթակառուցվածքային զարգացման համատեղ տարբեր ծրագրեր։ 

«Կառուցապատող ընկերություն ընտրելու համար կարևոր այս նախագծերն, ի դեպ, առաջիկայում կդրվեն մրցույթի: Դրանք հասանելի են GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի՝ ներդրումային ծրագրերի հարթակում»,– ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն բանկերին, որոնք արդեն դարձել են Երևանի վստահելի գործընկերը և իրենց ակտիվ մասնակցությունն են ունենալու քաղաքի համար կարևոր նախագծերի կյանքի կոչմանը: Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ գործընկեր բանկերի շրջանակն առաջիկայում ևս կընդլայնվի: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում