Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ու Oracle ընկերության Զարգացման հարցերով ավագ փոխնախագահը քննարկել են համագործակցության հնարավորություններ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ու Oracle ընկերության Զարգացման հարցերով ավագ փոխնախագահը քննարկել են համագործակցության հնարավորություններ

Բարսելոնայում մեկնարկած Համաշխարհային բջջային կոնգրեսի (MWC) շրջանակում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպել է ամերիկյան Oracle Corporation ընկերության Զարգացման հարցերով ավագ փոխնախագահ Մեթ Բիլի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարական առաջնահերթությունները և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Նա նշել է, որ Հայաստանը նպատակ ունի ձևավորել մրցունակ և միջազգային շուկաներում ինտեգրված տեխնոլոգիական էկոհամակարգ։ Նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ պետությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում համագործակցության զարգացման ուղղությամբ։

Մեթ Բիլն իր հերթին ներկայացրել է Oracle Corporation-ի թվային կառավարման ծրագրերը՝ նշելով, որ ընկերությունը տարբեր երկրներում ակտիվորեն համագործակցում է կառավարությունների հետ՝ պետական համակարգերի թվայնացման, տվյալների արդյունավետ կառավարման և հանրային ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ ներկայում Oracle-ն ունի խոշոր զբաղվածության և զարգացման կենտրոններ Հնդկաստանում, սակայն իր ներկայությունն ընդլայնելու նպատակով ուսումնասիրում է նոր տարածաշրջաններ։ Այդ գործընթացի շրջանակում, ըստ Մեթ Բիլի, հնարավոր է քննարկվի նաև Հայաստանը՝ որպես հեռանկարային ուղղություն՝ հաշվի առնելով երկրի տեխնոլոգիական ներուժը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության մի շարք հնարավորություններ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ուսումնասիրելով համագործակցության կոնկրետ ձևաչափերն ու հնարավոր ուղղությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում