Գրողներն անմահություն են ստեղծում. հայ հեղինակները գրական միջոցառմամբ տոնեցին մասնագիտական օրը

4 րոպեի ընթերցում

Գրողների միջազգային օրվա առթիվ մարտի 3-ին «Գրողի օր՝ հիշողության օր» խորագրով միջոցառմանը Գրողների միությունը հյուրընկալել էր Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոցի աշակերտներին, որոնք շնորհավորեցին օրվա հերոսներին՝ հնչեցնելով դասական ու ժամանակակից հեղինակների բանաստեղծությունները։

«Գուցե մի քիչ պարզունակ հնչի, բայց գրականությունն անմահ է, գրողն անմահություն է ստեղծում իր ստեղծագործությամբ։ Գրականությունը մի բան ունի, որը բոլորի համար է․ խոսքը սիրո մասին է՝ մարդկային սեր, սեր բնության հանդեպ և այլն։ Եթե մենք դա մոռանում ենք,  ձեռքը տանում ենք զենքին։ Ավելի լավ է հետևել գրողներին, որոնք իրենց գրչով ու ստեղծածով, հատկապես այս պատերազմական ժամանակներում, հորդորում են հարգել ու սիրել իրար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու հավելեց՝ պատմական փորձը ցույց է տալիս, որ ժամանակն ավելի ուժեղ է, քան որևէ պետություն կամ անհատ։ Այդ են փաստում գրականությունը, փիլիսոփայությունը, պարզ մարդկային հիշողությունը։ Ըստ նրա՝ գրականությունն այն ճանապարհն է, որը տանում է դեպի բարին, թույլ է տալիս լավ մարդ, լավ քաղաքացի լինել։

Արձակագիր Ալիս Հովհաննիսյանը կարծում է, ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում հիմա քիչ են կարդում։

«Ըստ իս՝ դա ժամանակավոր երևույթ է. մարդիկ անպայման կվերադառնան գրքին, եթե ոչ թղթային, ապա առցանց, ինչն այսօր շատ տարածված է։ Գրականությունը բոլորիս է անհրաժեշտ, և մենք հրաշալի ժամանակակից գրականություն ունենք։ Վերջերս Հակոբ Հարությունյանն ինձ նվիրեց իր նոր գիրքը, որը մեծ բավականությամբ եմ ընթերցում. հետաքրքիր մտածողություն ունի, նրա գործերը հաճախ Գրական թերթում են տպվում»,-ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ իրական գրողը երբեք  հատուկ չի մտածում գրել այս կամ այն թեմայի մասին, որպեսզի հետաքրքրի այս կամ այն տարիքային խմբին։

«Այն  ամենը, ինչը մեզ շրջապատում է՝ առատ նյութ է տալիս։ Ժամանակակից գրողն ուղղակի պետք է իր ժամանակը ներկայացնի։ Ի՞նչը նա ավելի լավ գիտի, եթե ոչ իր ժամանակը»,-ընդգծեց գրողը՝ շնորհավորելով իր գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ։

Բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Բլբուլյանն ուրախալի համարեց այն փաստը, որ միջազգային բազմաթիվ տոների ու օրերի մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Գրողների միջազգային օրը, որը կայացել է։

«Նշանակում է, որ գրողների նկատմամբ հետաքրքրություն կա։ Այսօրվա հանդիպումը երեխաների հետ շատ կարևոր էր։ Նրանք ասմունքեցին, խոսեցին մեր մեծ գրողների մասին. լսեցին մեր խոսքը, և այս ամենը զուր չի անցնի, երեխաները կհիշեն այս օրը, իսկ գրողների պատասխանատվությունը կմեծանա։ Երբ տեսնում ենք՝ մատղաշ երեխաները տողեր են հնչեցնում Սարոյանից, Շիրազից, Սևակից, պարտավորված ենք մեզ զգում»,-ասաց նա՝ ևս շնորհավորելով բոլոր գրողներին։

Հայաստանի գրողների միությունում առաջիկայում սպասվում են հոբելյանական երեկոներ։ Տոնելու են նաև Պոեզիայի միջազգային օրը, Միության շենքի 75-ամյակը։ Գրողների միությունը մասնակցելու է գրին ու գրականությանը նվիրված փառատոնների։

Հայերեն

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը