Հայաստանն Իսպանիայում անցկացվող «Համաշխարհային բջջային կոնգրես 2026»-ին ներկայանում է միասնական տաղավարով
2 րոպեի ընթերցում

Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մարտի 2-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2026» (Mobile World Congress 2026) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով միջոցառմանը մասնակցում է չորրորդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով ոլորտային կազմակերպություններին որպես այցելու մասնակցել ցուցահանդեսին, ներկայացնել իրենց կողմից առաջարկվող արտադրանքն ու լուծումները, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր միջազգային գործընկերների հետ։
Նախարարությունից հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցում են 15 հայկական տեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք ցուցադրում են կապի նորագույն տեխնոլոգիաներ, արհեստական բանականության լուծումներ և այլն։
Տաղավարում ներկայացված են նաև ԲՏԱ նախարարության ծրագրերը, «Հայաստանի ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը, «Ինժեներական քաղաք» ծրագիրը, ինչպես նաև ՀՀ կառավարության, Firebird և NVIDIA համագործակցության ծրագիրը։
Ցուցահանդեսին հայկական պատվիրակությունը գլխավորում է ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Նրա մասնակցությամբ նախատեսվում են մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, ոլորտային միջոցառումներ և քննարկումներ՝ ուղղված միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանը և տեխնոլոգիական ոլորտում նոր նախաձեռնությունների առաջմղմանը։
«Համաշխարհային բջջային կոնգրես»-ը աշխարհի խոշորագույն և հեղինակավոր տեխնոլոգիական հարթակներից մեկն է, որը համախմբում է հազարավոր ընկերությունների, ստարտափների և ոլորտի առաջատար մասնագետների տարբեր երկրներից։ Միջոցառումը ներառում է նաև ոլորտային համաժողովներ, կլոր սեղան- քննարկումներ, օտարերկրյա պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև մի շարք միջազգային դերակատարների մասնակցությամբ պանելային քննարկումներ, որոնք հնարավորություն կընձեռեն մասնակիցներին գործարար կապեր հաստատել ոլորտի ներկայացուցիչների և որոշում կայացնողների հետ։