Իրան

Թրամփը խոստացել է պատասխանել Իրանին Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման և ամերիկացի 6 զինծառայողի զոհվելու համար

2 րոպեի ընթերցում

Թրամփը խոստացել է պատասխանել Իրանին Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման և ամերիկացի 6 զինծառայողի զոհվելու համար

Վաշինգտոնը կարձագանքի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա իրականացված հարվածին, նաև վրեժ կլուծի զոհված ամերիկացի զինվորականների համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NewsNation պարբերականի լրագրող Քելի Մեյերի հետ զրույցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողը հայտնել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Ես քիչ առաջ խոսեցի նախագահ Թրամփի հետ։ Նա ասաց, որ շուտով կիմանանք, թե ինչպիսին կլինի պատասխանը Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման և սպանված ամերիկացի զինծառայողների համար», - գրել է լրագրողը։

Նրա խոսքով՝ Թրամփը նաև ասել է, որ իր կարծիքով՝ տարածաշրջանում ցամաքային ուժեր տեղակայելու անհրաժեշտություն չի լինի։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատունը թիրախավորվել է 2 անօդաչու թռչող սարքի միջոցով։ Հարձակման հետևանքով դեսպանատան տարածքում հրդեհ է բռնկվել, պատճառվել է թեթև նյութական վնաս։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը X-ում գրառման մեջ հայտնել է, որ Իրանի դեմ գործողությունների ժամանակ ամերիկացի զինվորականների շրջանում զոհերի թիվը հասել է 6-ի։ Ավելի վաղ հայտարարվել էր 4 զոհի մասին։ Նշվում է, որ ավելի վաղ անհետ կորած երկու զինծառայողի մարմինները հայտնաբերվել են Իրանի առաջին պատասխան հարվածների ընթացքում թիրախավորված օբյեկտից։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում