Խաղադաշտ, մարզահրապարակ, ջրամատակարարում. ինչ ծրագրեր են առաջ քաշում համայնքների բնակիչները
4 րոպեի ընթերցում

Տարբեր համայնքներում քաղաքացիների կողմից առաջ քաշված ծրագրերի իրականացման գործընթացը տարեցտարի ակտիվանում է։ Դեռ 2024 թվականին մեկնարկած մասնակցային բյուջետավորման ծրագիրը նոր թափ է ստանում, որին նպաստում են նաև լավարկմանը միտված՝ Կառավարության առաջարկած փոփոխությունները։
Ծրագրի էությունն այն է, որ համայնքի բնակիչները իրենց կողմից առաջարկում են ծրագրեր, դրանք դրվում են քվեարկության։ Հենց բնակիչների կողմից ամենաշատ ձայներ հավաքած ծրագիրն էլ պետությունը ֆինանսավորում է։ Ֆինանսավորման գործընթացում պարտադիր մասնաբաժին պետք է ունենա նաև համայնքը՝ առնվազն 20 տոկոսի չափով։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության համայնքային բյուջեների բաժնի պետ Լորիս Մուրադյանը նշեց, որ ծրագրի իրականացման գործընթացում դինամիկ աճն ակնհայտ է։
«2024 թվականին ծրագիրն իրականացվում էր 4 համայնքում, քաղաքացիների կողմից ներկայացվել էր 17 առաջարկ-նախագիծ, կյանքի էր կոչվել 8 ծրագիր, ընդհանուր գումարը կազմել էր 570 մլն դրամ, որից պետական ֆինանսավորումը 443 մլն դրամ։ 2025 թվականին ծրագիրն արդեն իրականացվել է 21 համայնքում, առաջարկ-նախագծերի քանակը կազմել է 39, իրականացվել է 31 ծրագիր՝ 1 մլրդ 202 մլն ընդհանուր գումարով, որից 740 մլն դրամը պետության ֆինանսավորումն է»,-ասաց Լորիս Մուրադյանը։
2026 թվականին ծրագիրն իրականացվում է 52 համայնքում, ընդգրկված են հանրապետության բոլոր մարզերը։ Լորիս Մուրադյանը նշեց, որ այս տարի արդեն համայնքների հիմնական մասում քվեարկությունն ավարտված է։ Մասնակցությունը բավականին բարձր է, 190 հազարից ավելի քաղաքացի արդեն իսկ քվեարկել է։ Այնինչ, 2024-ին քվեարկությանը մասնակցել էր 7000 քաղաքացի։
Եթե դիտարկում ենք մինչ այժմ ներկայացված ու իրականացված ծրագրերը, ապա երևում է, որ քաղաքացիները հիմնականում առաջ են քաշել հանրային տարածքների բարեկարգմանը վերաբերող առաջարկներ՝ խաղադաշտ, մարզահրապարակ, սպորտային, կրթական, մշակութային ենթակառուցվածքների զարգացում, ջրամատակարարում և այլն։
Ծրագիրը լավարկելու նպատակով Կառավարությունը որոշակի փոփոխություններ կատարեց։ ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի համակարգման վարչության բյուջետային գործընթացի վերլուծական մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բաղդասարյանը նշեց, որ նպատակ ունեն լուծել նախկինում բարձրաձայնված խնդիրները։
«Բնակիչների կողմից հարցեր են բարձրացվել այն մասին, որ կա անհավասար մրցակցություն խոշոր և փոքր բնակավայրերի միջև։ Փորձել ենք լուծում տալ խնդրին։ Նախկինում համայնքում քվեարկելու իրավունք ունեցող բնակիչների 1 տոկոսը պետք է մասնակցեր քվեարկությանը, ու դա վերաբերում էր բոլոր համայնքներին։ Նոր փոփոխությամբ այդ մոտեցումը կգործի մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրերին, իսկ նշված թվից ավելի բնակիչ ունեցող համայնքների համար սահմանվել է 2 տոկոս։ Փորձում ենք փոքր բնակավայրերի մրցունակությունը բարձրացնել»,-ասաց Էդուարդ Բաղդասարյանը։
Հաջորդ կարգավորումը վերաբերում է տվյալ տարում չավարտված ծրագրերի ֆինանսավորմանը։ Այն սահմանում է, որ եթե բյուջետային տարվա ավարտին ծրագրի առնվազն 70 տոկոսն իրականացված լինի, ապա մեկնարկած ծրագրի ավարտի վերջնաժամկետը հնարավոր կլինի երկարաձգել առավելագույնը 6 ամսով և տրամադրել ամբողջական ֆինանսավորում։
Պատասխանատուները տեղեկացրին, որ ծրագիրը պիլոտային փուլից դուրս է եկել, այն այսուհետ շարունակական է լինելու, գործելու է մշտական հիմունքներով։
