Սպորտ

Սա իմ 4-րդ չեմպիոնական տիտղոսն էր, սակայն միշտ հիշելու եմ այն. Եվրոպայի չեմպիոն Լիլիթ Մկրտչյան

2 րոպեի ընթերցում

Սա իմ 4-րդ չեմպիոնական տիտղոսն էր, սակայն միշտ հիշելու եմ այն. Եվրոպայի չեմպիոն Լիլիթ Մկրտչյան

Հրաձգության Եվրոպայի քառակի չեմպիոն Լիլիթ Մկրտչյանը երևանյան Եվրոպայի առաջնությունում հաղթելը համարում է բացառիկ պատասխանատու ու հատուկ երջանիկ պահ:

«Մրցումային երկրորդ օրը շատ լարված էր ու պատասխանատու, քանի որ մենք մեդալների հավակնորդներից էինք: Ինձ համար նաև հուզիչ էր այն փաստը, որ մենք` Հայաստանի երեք ներկայացուցիչներս, եզրափակչում էինք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

Վերջինիս խոսքով` լարվածությունը մեծանում է, երբ մրցակիցդ հայ է ու մրցաշարն էլ անցկացվում է սեփական հարկի տակ:

«Նշանակալից է մեր երկրում Եվրոպայի չեմպիոն դառնալը: Սա իմ 4-րդ չեմպիոնական տիտղոսն էր, սակայն միշտ հիշելու եմ այն, քանի որ տարիներ շարունակ երազել եմ, որ հենց Հայաստանում ունենանք նմանատիպ առաջնություն: Չէի էլ կարող պատկերացնել, որ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում ու ես ինքս կներկայացնեմ մեր երկիրը»,-առանձնացրեց նա:

Անդրադառնալով բուն «հայկական եզրափակչին», որտեղ Լիլիթ Մկրտչյանը մրցում էր Գոհար Հարությունյանի հետ՝ Եվրոպայի չեմպիոնն ասաց. «Դեռևս կիսաեզրափակիչում մրցում էի աշխարհի չեմպիոնի հետ ու ինձ շատ էր պետք հաղթահարել այդ արգելքն ու հաղթել կիսաեզրափակչում: Իսկ եզրափակիչն ինձ համար առավել հանգիստ էր, կարծես, ներքին առաջնություն լիներ»:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող հրաձգության Եվրոպայի առաջնության շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում կանանց եզրափակիչում մրցեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը: Եվրոպայի առաջնությունում 4-րդ անգամ չեմպիոն դարձավ Լիլիթ Մկրտչյանը, որը եզրափակչում 8:6 հաշվով առավելության հասավ: Այս վարժությունում երրորդն Ուկրաինայի ներկայացուցիչ Մարգարիտա Կարկանինն է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում