Ուկրաինայում կալանավորել են երկրի ռազմաօդային ուժերի լոգիստիկայի վարչության հրամանատարին
1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի դատարանի վճռով՝ երկրի օդային ուժերի լոգիստիկայի գծով հրամանատար Անդրիյ Ուկրաինեցը կոռուպցիայի մեղադրանքով կալանքի տակ կգտնվի մինչև ապրիլի 25-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ուկրաինական «Օբշեստվեննոյե» հեռուստաալիքը։
«Օդային ուժերի լոգիստիկայի հրամանատար Անդրիյ Ուկրաինեցի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանք մինչև ապրիլի 25-ը՝ 7 միլիոն գրիվնա (162,2 հազար դոլար - խմբ.) գրավ վճարելու հնարավորությամբ։ Գրավը վճարելու դեպքում Ուկրաինեցին կարգելվի շփվել Կոմպանիչենկոյի հետ»,- նշվում է հեռուստաալիքի ներկայացրած հաղորդագրությունում։
Լրատվամիջոցն ավելի վաղ հաղորդել էր, որ Ուկրաինայի դատարանը՝ դարձյալ կոռուպցիայի մեղադրանքով 60-օրյա կալանք է սահմանել Ուկրաինայի անվտանգության ծառայության Ժիտոմիրի մարզի վարչության պետ Վլադիմիր Կոմպանիչենկոյի նկատմամբ։
Կոմպանիչենկոն և Ուկրաինեցը ձերբակալվել են ինքնաթիռների համար նախատեսված ապաստարանների կառուցմանն առնչվող կոռուպցիոն գործի շրջանակում՝ գումար փոխանցելու փորձի ժամանակ։