ՆԳՆ-ն չի աջակցում ԿԳՄՍՆ դրական մասնագիտական եզրակացությունը չստացած ֆիլմարտադրական նախագծերին․ Նարեկ Սարգսյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը չի աջակցում այն ֆիլմարտադրական նախագծերին, որոնք չեն ստացել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրական մասնագիտական եզրակացությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի «Ֆեյսբուք»-ի էջում տարածված գրառման մեջ։
«ՆԳ նախարարի պաշտոնավարումից ի վեր աջակցում ենք միայն այն նախագծերին, որոնք ստացել են ԿԳՄՍ նախարարության մասնագիտական դրական եզրակացությունը։
Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպություններից ստանում է դիմումներ՝ ֆիլմերի նկարահանումներին աջակցելու համար։
Տեղեկացնում ենք, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի պաշտոնավարումից ի վեր՝ որդեգրվել է հստակ քաղաքականություն․ նախարարությունը չի աջակցում այն ֆիլմարտադրական նախագծերին, որոնք չեն ստացել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրական մասնագիտական եզրակացությունը։
Խնդրում ենք հետագա դիմումների ներկայացման ընթացքում հաշվի առնել այս հանգամանքը և ընդունել այն որպես նախարարության պաշտոնական դիրքորոշում»,-գրել է Սարգսյանը։
Նա նաև հավելել է, որ կան տարբեր հարթակներում ցուցադրվող սերիալներ, որոնք նկարահանվել են մինչև ՆԳ նախարարության կողմից ներկայումս իրականացվող քաղաքականությունը։
«Խնդրում ենք դրանք որևէ կերպ չնույնացնել կամ չկապել նախարարության մոտեցումների և գործելակերպի հետ»,-գրել է ՀՀ ՆԳՆ խոսնակը։