Ֆինլանդիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է ներկայացվել

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնությունում Ֆինլանդիայի դեսպան Մարյա Լիվալան կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է ներկայացվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ բողոքի նոտան Ֆինլանդիայի դեսպանին է ներկայացվել՝ կապված Հելսինկիում ՌԴ դիվանագիտական ​​​​առաքելության դիմաց Ռուսաստանի դրոշը այրելու հանգամանքի հետ։

«Ռուսաստանում Ֆինլանդիայի դիվանագիտական ​​​​առաքելության ղեկավարին կոշտ բողոք է ներկայացվել փետրվարի 24-ին Ֆինլանդիայում Ռուսաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած սադրիչ գործողության կապակցությամբ, որի ընթացքում անհայտ անձինք այրել են Ռուսաստանի Դաշնության պետական ​​​​դրոշը»,-ասված է հրապարակված հայտարարության մեջ։

ՌԴ արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ Մոսկվան դժգոհություն է արտահայտել, որ Ֆինլանդիայի իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք պատասխանատու են եղել միջոցառման անվտանգությունն ու հասարակական կարգը ապահովելու համար, չեն կարողացել կանխել հանցագործությունը՝ այդպիսով, ըստ էության, արդարացնելով դրա կատարումը:

Բացի այս, Ռուսաստանի ԱԳՆ-ն ֆինլանդական կողմին հորդորել է անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ապագայում Ռուսաստանի դեսպանատան դեմ նմանատիպ գործողությունները կանխելու համար:

 

 

 

Հայերեն Русский