Քաղաքականություն

Բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին. վարչապետ

3 րոպեի ընթերցում

Բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին. վարչապետ

Հայաստանը բարձր է գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների և խաղաղության գործընթացին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի և Լեհաստանի վարչապետների համատեղ հայտարարության ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանի վարչապետի բարձրագույն մակարդակով այց Լեհաստան տեղի չի ունեցել երկար ժամանակ, և ներկայիս այցը նոր փուլ է երկկողմ հարաբերություններում։ Նա շնորհակալություն հայտնեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին հրավերի և ջերմ ընդունելության համար։

Վարչապետը նաև անդրադարձավ Տուսկի գործունեությանը Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես զգացել է նրա աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին։

«Մենք շատ բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և, իհարկե, խաղաղության այն գործընթացին, որը մեր տարածաշրջանում տեղի է ունենում»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա կարևորեց Լեհաստանի գնահատականները՝ նախորդ տարի Հայաստանում ընդունված «Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց մեկնարկելու մասին» օրենքի վերաբերյալ՝ նշելով, որ այդ աջակցությունը լրացուցիչ վստահություն է տալիս շարունակելու բարեփոխումների ճանապարհը՝ Հայաստանը եվրոպական և ԵՄ չափանիշներին համապատասխան երկիր դարձնելու ուղղությամբ։

Փաշինյանը նշեց, որ ժողովրդավարական բարեփոխումները բարդ գործընթաց են և հաճախ ուղեկցվում են մարտահրավերներով ու քննադատություններով, սակայն Լեհաստանը օրինակ է, թե ինչպես կարելի է համատեղել ժողովրդավարությունը, ուժեղ անվտանգային համակարգը և զարգացած տնտեսությունը։

«Ճիշտն ասած, եթե անկեղծ լինեմ, խաղաղության գործընթացում մեզ համար օրինակ է նաև Եվրոպայի շատ բարդ և երբեմն դաժան պատմությունը, որը, ի վերջո, հանգեցրել է այն համոզմանը, որ խաղաղությունն իսկապես ամենակարևորն է։ Միշտ էլ կան փաստարկներ՝ ընդդեմ խաղաղության, բայց շատ կարևոր է կարողանալ հենվել այն փաստարկների վրա, որոնք ցույց են տալիս խաղաղության, ժողովրդավարության և ազատության անայլընտրանք լինելը։

Լեհաստանի անցած ճանապարհը՝ ժողովրդավարության և ժողովրդավարական հասարակության կառուցման գործընթացում, մեզ համար օրինակելի է»,- ասաց Փաշինյանը։

Հայտարարության վերջում Փաշինյանը Լեհաստանի վարչապետին հրավիրեց մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում