ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ կկիրառի չորս ծառայողի նկատմամբ
2 րոպեի ընթերցում

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում, որոշվել է չորս ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացը ՆԳ նախարարության սկզբունքներից է։
ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել փետրվարի 25-ին: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարողը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության չորս ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկ ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից: